Օգոստոսի 7-ը կարող է հայոց պատմության մեջ արձանագրվել որպես վտանգավոր շրջադարձի օր՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դատավարության պատճառով, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցողը «շարքային դատական նիստ չէ», այլ հարված է սահմանադրական կարգին և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։
«Երբ պետական դատական ապարատը վերածվում է հոգևոր առաջնորդի դեմ քաղաքական ճնշման և հետապնդման գործիքի, արդարադատությունն ուղղակի դադարում է գոյություն ունենալ»,- գրել է Ամստերդամը։
Իրավաբանը պնդել է, որ պետության միջամտությունը կրոնական կյանքին խախտում է արդար դատաքննության և կրոնական ազատության միջազգային չափանիշները՝ վտանգավոր նախադեպ ստեղծելով օրենքի գերակայության համար։
Նա նաև նշել է Հայ Առաքելական Եկեղեցու պատմական դերը՝ այն բնութագրելով որպես պետականությունը կորցրած հայ ժողովրդի ինքնության և գոյատևման կարևոր հենարան։
«Արդարադատությունը չի՛ կարող ծառայեցվել քաղաքական վրեժխնդրությանն ու նպատակահարմարությանը։ Միջազգային հանրությունն ու իրավապաշտպան աշխարհը աչք չեն փակելու սրա վրա»,- ընդգծել է Ամստերդամը։
ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 14-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այդ ժամանակ Կաթողիկոսի նկատմամբ կիրառվել էր նաև բացակայելու արգելք, որը դատարանն ապրիլի 10-ին վերացրել էր։
Armenia Today-ը հայտնել էր, որ հուլիսի 27-ին դատախազը հաստատել էր Գարեգին Բ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Նրանց նույնպես մեղադրանք է առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։
