
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ղրղզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
«Հայաստանի Հանրապետության համար ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս մոտեցումը կարտացոլվի նաև Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ծրագրում, որը պատիվ ունեմ գլխավորելու։
Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած սկզբունքներին հավատարիմ լինելու օգտին։ ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։
Ցավոք, գործնականում այդ սկզբունքներն ամբողջությամբ չեն իրականացվում։ Առանձին սահմանափակումներն ու վարչական միջոցները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնեսի համար պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը։
Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն ապահովում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար առավել բարենպաստ, հավասար և ոչ խտրական պայմաններ։ Մենք մշտապես առաջնորդվում ենք այն համոզմամբ, որ նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև ԵԱՏՄ ամբողջ տարածքում։
Հենց այդ պատճառով մենք սկզբունքային կարևորություն ենք տալիս նրան, որ անդամ պետությունների ապրանքների և ծառայությունների՝ ընդհանուր շուկա մուտքի վրա ազդեցություն ունեցող ցանկացած միջոց ընդունվի բացառապես ԵԱՏՄ իրավունքի պահանջներին համապատասխան, համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա և իրավասու մարմինների միջև կառուցողական փոխգործակցության շրջանակում»,- նշել է նա։