Ռուսաստանի իշխանությունները կարող են խորհուրդ տալ իրենց զբոսաշրջիկներին չայցելել Հայաստան, հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Դաշնության խորհրդի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Մատվիենկոն «ուշադրություն է հրավիրել Հայաստանում երրորդ երկրների խնդրանքով Ռուսաստանի քաղաքացիների համակարգված ձերբակալության վրա»: «Եթե այս պրակտիկան շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի առաջարկել իր զբոսաշրջիկներին՝ չայցելել հանրապետություն», – ասվում է հայտարարության մեջ:
Դաշնության խորհրդի նախագահը նաև հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կխախտի այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցությունը: Նրա խոսքով՝ ռուսական կողմը «աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ Հայաստանում համապատասխան ազգային հանրաքվե անցկացնելու վերաբերյալ»:
Մատվիենկոն նաև ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական երկխոսության պահպանման կարևորությունը: «Ռուս-հայկական հարաբերությունները ներկայումս նման են միակողմանի երթևեկության փողոցի. Երևանը հայտարարություններ է անում Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու կարևորության մասին, սակայն այդ խոսքերը հաճախ չեն համընկնում կոնկրետ գործողությունների հետ», – հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահը:
Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում նշվել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների վերսկսման կարևորությունը, որի հաջորդ նիստը նախատեսված է մոտ ապագայում: Ավելին, Մատվիենկոն «ընդգծել է Ռուսաստանի միջազգային կազմակերպությանը (ՌԼԿ) Հայաստանի անդամակցության, ինչպես նաև մշակութային և մարդասիրական նախաձեռնությունների իրականացման հիմնարար նշանակությունը, այդ թվում՝ Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի անցկացումը և Հայաստանի քաղաքներում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնների մասնաճյուղերի բացումը:
Նշվում է, որ Ռուբինյանի և Մատվիենկոյի միջև զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ. կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ:
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուբինյանը Մատվիենկոյի հետ զրույցում խոսել է ռուսական շուկա հայկական արտադրանքի մատակարարման անհիմն սահմանափակումների մասին: Նա նաև հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր կդառնա միայն Եվրոպական միությանն անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելուց և գործընթացը առարկայական փուլ փոխադրելուց հետո։
