«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածության քվեարկությունից հետո կլքեն խորհրդարանի նիստը, հայտնել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նրանք կմեկնեն Էջմիածին՝ դատարանի շենքի մոտ զորակցություն հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Կաթողիկոսի մասնակցությամբ դատական նիստը որակել են արժեհամակարգային նշանակության հարց։
«Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի։ Մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում՝ ժամը 16։00-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղն ունենալու է հետևանքներ։ Վաղը՝ ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց՝ բոլորս։ Մեր կրոնական պարտքն առաջնահերթ է մեր քաղաքական յուրաքանչյուր գործընթացից»,- հայտարարել է Կարապետյանը։
Գրիգորյանը նշել է, որ խմբակցությունը նախ կմասնակցի ԱԺ նիստին՝ ընդդիմության թեկնածուի քննարկումն ապահովելու համար, այնուհետև կմեկնի Վաղարշապատ՝ Կաթողիկոսի մասնակցությամբ դատական նիստին ներկա լինելու։ «Ֆունդամենտալ հարցը արժեհամակարգային հարցն է, և անպայման մենք պետք է գնանք դատարան՝ մեր աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին և մեր սրբազաններին ու թույլ չտալու, որպեսզի այս ապօրինությունները շարունակվեն»,- հայտարարել է Գրիգորյանը։
Կարապետյանը նաև նշել է, որ, իր համոզմամբ, դատարանն իրավասու չէ որոշումներ կայացնել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի վերաբերյալ։ «Դատարանն իրավասություն չունի Վեհափառի, Հայ Առաքելական Եկեղեցու կամ եկեղեցականի վերաբերյալ որևէ որոշում կայացնելու։ Այդպիսի անօրինական բան չի եղել։ Սա Սահմանադրության այն կետն է, որով եկեղեցին և պետությունն անջատ են։ Սա Սահմանադրության խախտում է, սա մեր կրոնական համոզմունքների խախտում է»,- ասել է նա։
Նա նաև հղում է արել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանի հայտարարությանը, որը վերաբերում էր Հռոմի պապի կողմից հոգևորականներին կարգալույծ անելու որոշումների օրինակին և այն հանգամանքին, որ նման հարցերը դատարանների իրավասության շրջանակում չեն։ Ամփոփելով՝ Կարապետյանը հրաժարվել է պատասխանել այլ քաղաքական հարցերի՝ ընդգծելով, որ ճեպազրույցի նպատակը բացառապես Վեհափառ Հայրապետին դատարան կանչելու, իր գնահատմամբ, անօրինական քայլին արձագանքելն է։
