«Գութան-2026». ազգային երգի ու պարի փառատոնը՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին․ «Երաժշտական եռանկյունի»

Հայկական ավանդական մշակույթի պահպանման և հանրահռչակման ամենանշանակալից նախաձեռնություններից մեկը՝ ազգային երգի և պարի «Գութան» փառատոնը, այս տարի նվիրվում է անվանի ազգագրագետ, պարուսույց, մշակութային գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլի հիմնադիր Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակին։

Փառատոնը, որն ավելի քան մեկ տասնամյակ համախմբում է հայկական երգի ու պարի լավագույն ավանդույթները կրողներին, այս տարի առանձնակի խորհուրդ ունի՝ արժևորելու Գագիկ Գինոսյանի թողած հարուստ ժառանգությունն ու շարունակելու ազգային մշակույթը նոր սերունդներին փոխանցելու նրա առաքելությունը։

«Գութան-2026»-ը կանցկացվի օգոստոսի 22-ին, Երևանի բաց տարածքներում։ Կազմակերպիչներն են «Մրրո» հայ ազգագրական երգարվեստի կենտրոնը և «Գութան» ազգային երգի և պարի փառատոնի նախաձեռնող խումբը՝ բազմաթիվ մշակութային կազմակերպությունների և համույթների մասնակցությամբ։

Փառատոնի ծրագրում ընդգրկված են Հայաստանի տարբեր ազգագրական շրջանների երգի, պարի և ծիսական մշակույթի ներկայացումներ, որոնք հանդիսատեսին հնարավորություն կտան մեկ երեկոյի ընթացքում գնահատել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը։

Փառատոնին մասնակցում են հայկական ավանդական մշակույթի լավագույն համույթներն ու խմբերը, այդ թվում՝ «Կարին», «Մարաթուկ», «Ակունք», «Սասուն», «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Մշո հավքեր», «Սասնա ծռեր», «Հայ երգասաններ» և այլ ստեղծագործական կոլեկտիվներ, որոնց գործունեությունը տարիներ շարունակ ուղղված է հայկական երգի, պարի և ժողովրդական ծեսերի պահպանմանն ու ներկայացմանը։

«Գութան» փառատոնի գաղափարախոսության հիմքում ազգային ինքնության պահպանությունն է՝ հայկական ավանդական մշակույթի կենդանի փոխանցման միջոցով։ Փառատոնը նպատակ ունի ոչ միայն ներկայացնել պատմական Հայաստանի տարբեր գավառների երգերն ու պարերը, այլև դրանք վերադարձնել հասարակական և մշակութային առօրյա՝ որպես ինքնաճանաչողության, կրթության և ազգային արժեհամակարգի կարևոր բաղադրիչ։ Այդ նպատակով բեմում ներկայացվում են ոչ միայն համերգային համարներ, այլև թատերականացված ծիսական գործողություններ, ազգային նվագարանների ուղեկցությամբ կատարվող երգեր ու պարեր, ցուցադրվում են հայ ավանդական մշակույթի երախտավորներին նվիրված տեսանյութեր։

Գագիկ Գինոսյանի անունով նշանավորվող «Գութան-2026»-ը նաև երախտագիտության արտահայտություն է մի մարդու, որն իր ամբողջ կյանքը նվիրեց հայկական ռազմական, ծիսական և ժողովրդական պարարվեստի ուսումնասիրմանը, վերականգնմանն ու տարածմանը։ Նրա գործունեության շնորհիվ հազարավոր երիտասարդներ բացահայտեցին հայկական ավանդական մշակույթի արժեքները, իսկ ազգային պարը դարձավ ոչ միայն բեմական արվեստ, այլև ազգային ինքնագիտակցության կարևոր դրսևորում։

«Գութան-2026»-ը ևս մեկ անգամ հաստատում է, որ հայկական ավանդական երգն ու պարը միայն անցյալի ժառանգություն չեն, այլ կենդանի մշակույթ, որը շարունակում է միավորել սերունդներին, ամրապնդել ազգային հիշողությունն ու ներկայացնել Հայաստանի մշակութային ինքնությունը ժամանակակից աշխարհին։

Leave a Comment