Դատախազության պետական շահերի պաշտպանության հայցով վերադարձված գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը այսօր Կառավարության նիստում ներկայացրել է պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը վերադարձված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի անշարժ գույքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու նախապատմությունը:

Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունվարի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերության, իրավաբանական անձի, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի՝ 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:

Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ Քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերությունը որպես պատասխանող ներգրավվել է այն պատճառով, որ հանդիսացել է 2008 թվականին առուվաճառքի պայմանագրի կողմ հանդիսացած՝ «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերության իրավահաջորդը:

Հայցի քննության ընթացքում առաջարկվել է հաշտության համաձայնություն, որը Դատարանի 2026 թվականի ապրիլի 14-ի վճռով հաստատվել է:

Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 6-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ մակերեսով թիվ 97 նկուղային տարածքի և 0,08 հա մակերեսով հողամասի նկատմամբ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment