Հայաստանը Համաշխարհային բանկից և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) ընդհանուր շուրջ 350 մլն դոլարին համարժեք վարկ կներգրավի՝ 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար, տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգից։
Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 170,3 մլն եվրո՝ շուրջ 200 մլն դոլար։ Վարկը տրամադրվելու է 28 տարի ժամկետով՝ 10 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։ Հունիսի 19-ի դրությամբ տարեկան տոկոսադրույքը կազմել է 3,932%։ Մայր գումարի մարումը կսկսվի 2036 թվականին և կավարտվի 2053 թվականին։
Վարկի տրամադրման նախապայման են Հայաստանում արդեն իրականացված բարեփոխումները ներդրումների պաշտպանության, մաքսային վարչարարության, մրցակցության, թվայնացման, կիբեռանվտանգության, կլիմայական քաղաքականության, արտանետումների կառավարման և օդի որակի վերահսկողության ոլորտներում։
ԱԶԲ-ն Հայաստանին կտրամադրի ևս 150 մլն դոլար։ Վարկը նախատեսված է 15 տարով՝ 3 տարվա արտոնյալ ժամկետով։ Հունիսի 3-ի դրությամբ դրա լողացող տոկոսադրույքը կազմել է 4,58%։ Մայր գումարի մարումը կսկսվի 2029 թվականին և կավարտվի 2041 թվականին։
ԱԶԲ-ի վարկի ստացման նախապայմաններն են հարկաբյուջետային, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման, պետական արժեթղթերի ու դրամական շուկաների զարգացման, ինչպես նաև ընկերությունների թափանցիկության և կորպորատիվ կառավարման բարելավման ուղղությամբ արդեն իրականացված միջոցառումները։
Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ 2026 թվականին միջազգային ֆինանսական կառույցներից ստացվելիք բյուջետային աջակցության վարկերի ընդհանուր անհրաժեշտությունը կազմում է մոտ 950 մլն դոլար։
Հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարքտը կազմում է շուրջ 13.6 մլրդ դոլար։
2026 թվականի պետական բյուջեով պակասուրդը սահմանված է շուրջ 1.47 մլրդ դոլար։
