Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի հետ քննարկել է TRIPP նախագծի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կաղմերը վստահություն են հայտնել, որ տեխնիկական հարցերի լուծման արդյունքում առաջիկայում ավելի տեսանելի կլինեն այդ ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։
Փաշինյանը կարևորել է Միացյալ Նահանգների և, մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ շեշտելով, որ, ըստ նրա, 2025 թվականի օգոստոսի 8–ից հետո տարածաշրջանում ձևավորվել է կայուն և դրական մթնոլորտ։ Փաշինյանը նաև նշել է ձեռք բերված պայմանավորվածությունների առաջմղումը և գոհունակություն հայտնել դրանց ընթացքից։
Լայթսթոունը Փաշինյանին է փոխանցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նա համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի իր առաջնահերթությունների հետևողական իրականացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը միտված քայլերը։
Հայաստանն ու ԱՄՆ-ն 2026 թվականի հունվարի 14-ին հրապարակել էին նախագծի իրականացման շրջանակը, իսկ հունիսի 4-ին՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր։ Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել TRIPP-ի զարգացման ընկերություն, որի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։ Սահմանային և մաքսային վերահսկողությունը, իրավապահ գործունեությունն ու անվտանգությունը կմնան ՀՀ պետական մարմինների պատասխանատվության ներքո։
ԱՄՆ պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամը կղեկավարի Չիկագոյում բնակվող ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը կկառավարի Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի զարգացման համար հատկացված ավելի քան 200 մլն դոլարը։
