ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը քննադատության է ենթարկել պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին՝ անդրադառնալով նրա նախկին գործունեությանն ու լռությանը։
Հակոբյանի խոսքով՝ Մանուկյանը եղել է այն մարդու օգնականը, ով, ըստ նրա, Էջմիածնում փակել էր իր տան փողոցը՝ արգելափակելով քաղաքացիների ազատ ելումուտը։ Պատգամավորը նաև հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելը չի համատեղվում այն փաստի հետ, որ նախկինում տեսած խնդիրների վերաբերյալ լռություն է պահպանվել։
Հակոբյանը նաև նշել է, որ Մանվել Գրիգորյանը մասնավորեցրել է պետական և հանրային նշանակության մի շարք գույքեր, այդ թվում՝ Էջմիածնի Սուրբ Մեսրոպ Մաշտոց 19 հասցեում գտնվող զորամասը, Մաշտոցի 109 հասցեում գտնվող «Գիտելիքի տունը» և Պատկանյան փողոցի Կենցաղի տունը։
Նրա խոսքով՝ Կենցաղի տունը, որտեղ նախկինում աշխատել են ժամագործներ, դերձակներ և այլ մասնագետներ, հետագայում վերածվել է գիշերային ակումբի։
«Եթե այդ ամենը տեսել եք, ինչո՞ւ այն ժամանակ չեք խոսել։ Վախեցե՞լ եք, որ այդ «ժնջիլները» ձեր վզին էլ կհագցնեն, եթե փորձեիք հակադրվել ձեր ղեկավարին»,– հայտարարել է Հասմիկ Հակոբյանը։
Ելույթն ավարտելով՝ պատգամավորը հավելել է․ «Սա այլևս իրենց հեռախոսի էկրանները չեն, որ ինչ ուզենան խոսեն, ու դա մնա անպատասխան»։
