Մեսրոպ Մեսրոպյանը, Գեղամ Գևորգյանը և Հայկ Ֆարամազյանը մի օր որոշում են 7500 դրամով քաղաքից դուրս գնալ․․․
Հայաստանում քաղաքացին մասնավոր ընկերության անորակ ծառայության դեմ պայքարում միայնակ է։ Իսկ այն մարմինները, որոնք կոչված են պաշտպանելու սպառողի շահերը, այս դեպքում, իմ գնահատմամբ, ոչ թե քաղաքացու կողքին են, այլ փաստացի մասնավոր ընկերության ներկայացրած պարզաբանումները փոխանցողն են։
Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը, որը 2024 թվականին վերանվանվեց «Օվիո», ժամանակ առ ժամանակ չի ապահովում իր պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը։ Իմ և ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված է շուրջօրյա՝ 24/7 անխափան ինտերնետ ծառայության մատուցում։
Սակայն 2026 թվականի մայիսի 9-ին և հունիսի 8-ին ընկերությունը շուրջ 10-12 ժամ (յուրաքանչյուր օրը) չի ապահովել պայմանագրով նախատեսված ինտերնետ կապը։ Ընկերությունն ինքն էլ չի հերքում այդ փաստը։ Ավելին՝ ընդունում է, որ այդ օրերին և ժամերին ծառայությունը հասանելի չի եղել։
Այդ ընթացքում ես զրկվել եմ մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորությունից և կրել եմ ֆինանսական վնասներ։
«Օվիոն» հրաժարվում է պատասխանատվություն կրել՝ պատճառաբանելով, որ խնդիրը կախված չի եղել իրենից և փոխհատուցում չի տրամադրում։ Սակայն սպառողի համար սա էական նշանակություն չունի․ ես պայմանագիր եմ կնքել «Օվիոյի», ոչ թե նրա ենթակապալառուների կամ տեխնիկական գործընկերների հետ։ Ծառայության դիմաց վճարումը նույնպես կատարում եմ «Օվիոյին», հետևաբար ծառայության որակի համար պատասխանատվությունը ևս պետք է կրի հենց ընկերությունը։
Փոխհատուցման փոխարեն ընկերությունն առաջարկել է 7500 դրամ՝ մեկ ամիս անվճար ինտերնետ։ Ես հրաժարվել եմ այդ առաջարկից, քանի որ այն համարժեք չեմ համարել պատճառված վնասին։
Դիմել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին։
Արդյունքում ստացա մի պատկեր․ երկու պետական կառույցներ չկարողացան ապահովել սպառողի իրական պաշտպանությունը։
Պետությունից 2025 թվականի ընթացքում իրենց տուն 24 մլն դրամ տարած Մեսրոպ Մեսրոպյանի ղեկավարած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գրեթե անհետևանք է թողել իմ առաջին դիմումը, իսկ երկրորդի պատասխանը այդպես էլ չկա։ Իսկ ահա պետությունից 2025 թվականի ընթացքում իրենց տուն շուրջ 21 մլն դրամ տարած Գեղամ Գևորգյանի ղեկավարած Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը ինձ փոխանցել է «Օվիոյի»՝ իրենց փոխանցած տեղեկությունը, թե ինձ տրամադրել են ինտերնետից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն, ինչից, ինչպես նշեցի, հրաժարվել եմ։

ՄՍՇՊ հանձնաժողովը նաև եզրակացրել է․ «Գտնում ենք, որ առկա չեն փաստական տվյալներ, որոնք կարող են վկայել սպառողների շահերը խախտող գործելակերպի առերևույթ հատկանիշների մասին»։
Այսինքն՝ երկու տարբեր օրերի շուրջ 12 ժամով ինտերնետից զրկվելը իրենց տուն շուրջ 21 մլն դրամ տարած Գեղամ Գևորգյանի ղեկավարած հանձնաժողովի համար սպառողների շահերի խախտում չէ։
Մեսրոպ Մեսրոպյանի հանձնաժողովը պետբյուջեից մեկ միլիարդ դրամից ավելի գումար է ստանում տարեկան գործունեության համար, իսկ Գեղամ Գևորգյանինը՝ 600 մլն դրամ։ Ու իրենք զբաղված են ոչ թե քաղաքացուն, այլ շահույթ հետապնդող ընկերությանը պաշտպանելով։

2025-ին «Օվիոյի» աշխատավարձի բյուջեն երկու միլիարդ դրամից ավելի է եղել։ Դրանից մի քանի տասնյակ միլիոնը հավանաբար գնացել է «Օվիոյի» տնօրեն Հայկ Ֆարամազյանի գրպանը։ Այդ փողերը հավաքվել են այսպիսի անորակ մատուցված ծառայությունների դիմաց։
Ստացվում է՝ քաղաքացին վճարում է ծառայության դիմաց, սակայն երբ ծառայությունը չի մատուցվում, ստիպված է ինքնուրույն պայքարել խոշոր ընկերության դեմ։ Իսկ այն պետական մարմինները, որոնք ստեղծված են հենց նման իրավիճակներում քաղաքացուն պաշտպանելու համար, չեն կարողանում կամ չեն ցանկանում արդյունավետ միջամտել։
Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն են իրականում պաշտպանվում՝ սպառողի՞, թե՞ ծառայություն մատուցող ընկերության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: