Առաջիկա շաբաթների ընթացքում կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի, հայտնում է ՀԷՑ-ի մամուլի ծառայությունը։
«Սահմանված կարգով կիրականացվի շուկայական արժեքի գնահատում, սեփականատերերը պաշտոնապես կծանուցվեն, կստանան փոխհատուցում, որից հետո ընկերությունը պետական գրանցում կստանա՝ որպես 100% պետական սեփականություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օգոստոսի 3-ին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին գլխավոր տնօրենի տեղակալները, մասնաճյուղերի տնօրենները, Երևան քաղաքի էներգաիրացման և սպասարկման դեպարտամենտի ղեկավար կազմը, ինչպես նաև շահագործման շրջանների ղեկավարները։
Նիստի ընթացքում Պետրոսյանը անդրադարձել է նաև Երևանի Պապ թագավորի անվան փողոցում տեղի ունեցած մալուխագծի վթարին, որի առնչությամբ ՀԷՑ-ում ներքին հետաքննություն է իրականացվում։
