Հայաստանում իրական միջազգային ներդրումներ չեն կատարվել․ Կարապետյան – armeniatoday.am

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը քննադատել է կառավարության տնտեսական ու ներդրումային քաղաքականությունը։

Կարապետյանի պնդմամբ՝ իշխող թիմի օրոք Հայաստանում իրական միջազգային ներդրումներ չեն կատարվել, և իշխանության հայտարարությունները միայն նախընտրական բնույթ ունեն։

Որպես իր խոսքերի ապացույց, նա առաջարկել է ուսումնասիրել 2024, 2025 թվականների և 2026 թվականի առաջին վեց ամիսների ցուցանիշները՝ տեսնելու համար, թե քանի միջազգային ներդրող է մուտք գործել երկիր։

Հարցին, թե արդյոք իշխանության քայլերը սպառնալիք չեն իր բիզնեսների համար (համեմատություն անցկացնելով Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ, որոնք փոխանցվում են պետությանը), Կարապետյանն ասել է, որ կառավարման հնարավորություն ունեին, կարող էին անել դա։

«Դե թող մի քիչ կառավարեն․․․ Հնարավորություն ունեին, Հրազդանի ցեմենտի գործարանն արդեն քանի տարի իրենց ձեռքում է, թող կառավարեն, հեսա կտեսնեք՝ ինչ կանեն այդ նույն ցեմենտի գործարանի ու կոնյակի գործարանի հետ»,- նշեց նա։

Մեկնաբանելով հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները՝ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ դրանք վնաս են հասցնում բնակչությանն ու գյուղատնտեսներին, սակայն քաղաքականապես ձեռնտու են գործող իշխանությանը։

Միևնույն ժամանակ, նա հերքել է այն կարծիքը, թե ռուսական սահմանափակումները կարող են օգնել ընդդիմությանը մոբիլիզացնել ավելի շատ մարդկանց։

Կարապետյանի խոսքով՝ վարչապետը հնարավորություն ունի այդ հարցերը քննարկել Ռուսաստանի նախագահի հետ, սակայն չի հասնում դրանց լուծմանը։

Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանին կոչ էին արել եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնել։ Ռուս պաշտոնյաները նաև նախազգուշացրել էին Հայաստանին՝ Եվրոպական միություն մտնելու դեպքում մի շարք տնտեսական առավելությունների հնարավոր կորստի մասին: Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն հնարավոր է միայն, երբ Երևանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը կամ երբ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:

Մայիսի վերջից և հունիսի սկզբից Մոսկվան արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։ Հուլիսի 27-ից սահմանափակվել էր նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։

Փաշինյանը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ հայկական ապրանքների մատակարարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումները վկայում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փաստացի «կաթվածահար» վիճակի մասին։

Leave a Comment