Հայրենիքի մասին խոսելիս մենք հաճախ օգտագործում ենք «արմատներ» բառը։ Բայց կան մարդիկ, ովքեր այդ փոխաբերությունը վերածել են կենսատու իրականության։ Արդեն երեք տասնամյակ «Էյ-Թի-Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամը ոչ միայն ծառեր է տնկում Հայաստանի հողում, այլև վերականգնում է մեր հավատը ապագայի հանդեպ՝ մեկ առ մեկ հզորացնելով այն թելերը, որոնք կապում են հայությանն իր բնաշխարհի հետ։
Ծնունդը՝ «ցուրտ ու մութ» տարիների լույսից
Հիմնադրամի պատմությունը սկսվում է 1994-ին՝ մեր նորագույն պատմության ամենածանր շրջանում։ Ինչպես նշում է հիմնադրամի ռազմավարական գործընկերությունների գծով տնօրեն Մարինա Մխիթարյանը. «Մեր ստեղծման պատմությունը բավական հետաքրքիր ու խորհրդանշական է. 94 թվականին՝ այդ «ցուրտ ու մութ» անունը կրող տարիներին, երբ պետական ստրուկտուրները պրակտիկորեն չէին գործում, առաջնահերթություն համարվեց անտառի ու շրջակա միջավայրի մասին մտածելը»։ Այդ օրերին տնկված առաջին ծառը կարող էր թվալ հուսահատ քայլ, բայց այն իրականում մեծ տեսլականի սերմն էր։ Քերոլին Մյուգարը և նրա ընտանիքը հասկացան մի պարզ, բայց հանճարեղ ճշմարտություն. հայրենիքը սիրելը նշանակում է խնամել նրա հողը, նույնիսկ երբ թվում է, թե ամեն ինչ փլուզվում է։
Մյուգար ընտանիք. լուռ նվիրումի ուժը
Սփյուռքի պատմության մեջ քիչ են ընտանիքները, որոնք ունեն Մյուգարների կշիռն ու ազդեցությունը։ Լինելով ԱՄՆ-ի բիզնես ոլորտի առաջատարներից՝ նրանք երբեք չփնտրեցին հանրային փառք։ Մարինա Մխիթարյանը շեշտում է Մյուգարների տեսակի բացառիկությունը. «Քերոլին Մյուգարը ֆանտաստիկ անձնավորություն է՝ շատ սուր մտքով, ով ունի հեռուն տեսնելու և երկարաժամկետ մտածելու այն հավակնությունը, որը մեզ այսօր այնքան պակասում է։ Նա իրականացնում է հսկայածավալ, բայց լուռ աշխատանք, որը մեծ ակնածանքի է արժանի»։ Մյուգարների համար Հայաստանին օգնելը ոչ թե պարզ բարեգործություն է, այլ պատասխանատվություն սեփական ինքնության առաջ։ Նրանց ներդրումները ոչ թե կարճաժամկետ օգնություն են, այլ ռազմավարական հիմք ապագայի համար։



Անտառը՝ որպես երկարաժամկետ ներդրում
Այսօր ATP-ի գործունեությունը վաղուց դուրս է եկել պարզապես ծառատունկի սահմաններից։ Մարինա Մխիթարյանի խոսքով՝ հիմնադրամն առաջնորդվում է «երկարաժամկետ մտածելակերպի» սկզբունքով. «Ծառը կարող ենք տնկել մի քանի րոպեում, բայց անտառը մարդու մասին է, այն մեկ օրվա պատմություն չէ։ 20 տարում է փոքր ծառը կամ սերմը դառնում անտառ»։
Հիմնադրամի գործունեությունը համակարգային է և ընդգրկում է.
- Սերմերի բանկ. Հայկական էնդեմիկ տեսակների պահպանում և բազմացում։
- Կրթություն. «Մենք փորձում ենք երեխաներին բնության հետ կապելու միջոցով հայրենիքի հետ ևս մեկ լրացուցիչ կապ ստեղծել»,- ասում է Մարինա Մխիթարյանը՝ կարևորելով նոր սերնդի մեջ «պահապանի ու տիրոջ» զգացողությունը ձևավորելը։
- Ռազմավարական կանաչապատում. Մատենադարանի կենսաբազմազանության այգուց մինչև Ծիծեռնակաբերդի լանջեր, որտեղ յուրաքանչյուր քառակուսի մետրը փոխում է քաղաքի շնչառությունը։
Հայաստան-Սփյուռք. միասնական շնչառություն
Armenia Tree Project-ը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամենագեղեցիկ մոդելն է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է Սփյուռքի փորձն ու ուժը վերածվում ռազմավարական ներդրման։ Մարինա Մխիթարյանը սա համարում է վերադարձ դեպի արմատները. «Մարդիկ, երևի վերջին մեկ-երկու հարյուրամյակի ընթացքում առաջին անգամ, մեծ մասշտաբներով վերադառնում են դեպի հողը։ Փորձում են կանգնել հողի վրա բոբիկ ոտքերով և հասկանալ՝ ինչն են իրենք մոռացել կամ կորցրել»։
Դեպի հաջորդ տասնամյակները
Ամփոփելով հիմնադրամի առաքելությունը՝ Մարինա Մխիթարյանը կիսվում է իր անձնական զգացողությամբ. «Այն զգացողությունը, որ դու հողի հետ ես անում, իրականության ամենամեծ ուրախությունն է տալիս։ Խոսքը միայն միլիոնների մասին չէ, այլ այն մեկ ծիլի կամ ծառի, որը հողը շոշափելի է դարձնում։ Կանգնել այն հողի վրա, որն այսօր այնքան խոցելի է և այնքան ցավ է տարել, շատ կարևոր զգացողություն է»։
«Նոր տնկված յուրաքանչյուր ծառ մի խոստում է գալիք սերունդներին, որ նրանք ապրելու են ավելի կանաչ, ավելի առողջ և ավելի հզոր երկրում։ «Էյ-Թի-Փի»-ն շարունակում է իր ընթացքը՝ ապացուցելով, որ հայրենասիրությունը սկսվում է հողին խոնարհվելուց և ավարտվում դեպի երկինք խոյացող կանաչ սաղարթներով»,- եզրափակում է Մարինա Մխիթարյանը։