Եղբոր մասնակցությամբ միջադեպից հետո Հայկ Կոնջորյանն իրավունք չունի հավակնել ԱԺ փոխնախագահի պաշտոնին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նման կարծիք հայտնեց «հայաստան» խմբակցությա պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Եթե այն, ինչ տեղի է ունեցել, տեղի ունենար ընդդիմադիր գործիչներից որևէ մեկի հետ կամ որևէ մեկի հարազատի հետ, առնվազն նա նույն պահին կալանավորված կլիներ, և դա երկրի թիվ մեկ օրակարգը կլիներ։ Բայց իշխանության պարագայում փորձում են պաշտպանվել, փորձում են կարգավորել և «սղացնել», որ անցնի։ Բայց կարծում եմ, որ սա այն դեպքն է, որ մեր հանրությանն ամեն ինչ հայտնի դարձավ ԱԺ ամբիոնից հնչած ելույթների ընթացքում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա միաժամանակ շեշտեց՝ ակնհայտ է, որ Հայկ Կոնջորյանն, այնուամենայնիվ, ԱԺ փոխնախագահ է ընտրվելու։
Հարցին՝ արդյոք Կոնջորյանին ընտրելով՝ ՔՊ-ն կիսո՞ւմ է նրա անվան հետ կապված մի շարք սկանդալները՝ եղբոր վարքագծի և կնոջ՝ «Հայփոստում» աստղաբաշխական աշխատավարձ ստանալու առնչությամբ, Սաղաթելյանը պատասխանեց.
«Իհարկե, վերցնում է, կիսում է այդ ամբողջ պատասխանատվությունը, բայց մեր երկրի առջև շատ ավելի լուրջ, կարևոր, հրատապ օրակարգեր կան։ Մեծ հաշվով Կոնջորյանը, թե մեկ այլ ՔՊ-ական կլինի ԱԺ փոխնախագահ, էական տարբերություն չկա։
Մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հետևյալն են՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ, սահմանագծում և սահմանազատում։ ՔՊ-ն չի ժխտել, որ չի հանձնելու Տիգրանաշենը։ Հայ-ռուսական հարաբերությունները, մեր տնտեսությունը, որ կարճ ժամանակ անց կանգնելու է բարդ խնդիրների առջև. դրանք են մեր երկրի առաջնային օրակարգերը, սակայն ակնհայտ պրոցես է տեղի ունենում՝ այս ամենից՝ խորքային հարցերից ուշադրությունը շեղել անձնական, ապօրինի գույքի վրա՝ քո ախպերը, քո քուրը, քո հերը, քո մերը… »,- ասաց պատգամավորը։