ՌԴ-ի 2 մարզի Wildberries-ի պահեստներում նոր հրդեհներ են բռնկվել – armeniatoday.am

Ռուսաստանի Լենինգրադի և Վլադիմիրի մարզերում ԱԹՍ-ների հարձակումներից հետո հրդեհներ են բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտներում, հայտնում են ԶԼՄ-ները։

Լենինգրադի Կրասնի Բոր բնակավայրում Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել օգոստոսի 4-ի առավոտյան։ Ընկերությունից հայտնել են, որ աշխատակիցներին նախապես տարհանել են։ Օբյեկտում, նախնական տվյալներով, տուժածներ չկան։ Ընթացիկ մատակարարումների ընդունումը ժամանակավորապես սահմանափակվել է, դրանք վերահասցեավորվել են այլ օբյեկտներ։

Նույն մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով՝ տարածաշրջանում խոցվել է 17 ԱԹՍ, դրանցից մեկը հարվածել է Կրասնի Բորի պահեստային գոտուն։ Մարզում հարձակումների հետևանքով մեկ մարդ է տուժել։

Վլադիմիրի մարզի Սոբինսկի շրջանում Wildberries-ի պահեստային համալիրում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 3-ի առավոտյան՝ ԱԹՍ-ի հարձակումից հետո։ Աշխատակիցներին տարհանել էին, տուժել էր չորս մարդ։ Հրդեհը տեղայնացվել էր 100 հազար քառակուսի մետր տարածքում, իսկ օգոստոսի 4-ի կեսգիշերին բաց այրումը լիովին մարվել էր։

Հուլիսի կեսերից ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով հրդեհներ և վնասներ էին գրանցվել նաև Wildberries-ի՝ Մոսկվայի, Տամբովի, Պենզայի, Վոլգոգրադի, Սամարայի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում գտնվող լոգիստիկ օբյեկտներում։ Էլեկտրոստալում մեկ մարդ էր զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել, Կոտովսկում զոհվել էր գիշերային հերթափոխի յոթ աշխատակից, ևս 24-ը վիրավորվել էր։

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել էր, որ հարձակումների հետևանքով վնասներ են կրել նաև Հայաստանից հարթակում գործունեություն ծավալող գործարարները։ Ընկերությունը սկսել էր ֆինանսական աջակցություն տրամադրել տուժած վաճառողներին և հայտարարել փոխհատուցման մեխանիզմների մշակման մասին։

Leave a Comment