«Ուժեղ Հայաստանը» քաղաքական առումով ամենաթույլ խմբակցությունն է լինելու. Քամալյան

«Ուժեղ Հայաստանը» քաղաքական առումով ամենաթույլ խմբակցությունն է լինելու. Քամալյան

Կիրակի օրվանից նոր գումարման ԱԺ-ն սկսել է իր նիստերը։ Արդեն ականատես եղանք բանավեճերի։ Արդյո՞ք այս խորհրդարանում քաղաքակիրթ բանավեճեր կտեսնենք, թե՞ ընդհակառակը։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Քամալյանը։

-Ինչպիսի՞ տպավորություն ունեք ԱԺ 9-րդ գումարման Ազգային ժողովի մասին։

-Ես ոչ մի զարմանք չապրեցի, որ ինձ համար ոչ մի անակնկալ բան այնտեղ տեղի չունեցավ։ Ունի ակնկալիքները, որ ունեի է 3 խմբակցություններից, էդ ակնկալիքները արդարացան, այսպես կարելի է ասել։ Ես կարծում եմ, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լինելու է Հայաստանի բոլոր գումարման խորհրդարանների ամենաթույլ խմբակցությունն է լինելու քաղաքական առումով։ Այնտեղ մեծամասամբ հավաքված են ապաքաղաքական մարդիկ, հազիվ թե 1-2 հոգի լինեն, որ ունեն քաղաքական մտածողություն, մնացածը հարուստ մարդու շուրջ հավաքված կարիերիստներ են, որոնց թվում է, որ քաղաքականությունը դա հիմնականում պաթոսախոսությունն է, որտեղ կարելի է խոսել հայրենասիրությունից, թուրքերին հայհոյելուց։ Իսկ իրականում քաղաքականությունը բացարձակապես դրա մասին չէ, և, ցավոք սրտի, 5 տարի շարունակ գավառագիտումները ուղղակի զբաղեցնելու են երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը։ Սա է մտահոգիչ, իսկ որևէ անակնկալ ինձ համար չկար։ Ավելին ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը քաղաքականապես շատ ավելի կայացած է, քան «Ուժեղ Հայաստանը», և հիմնականում քաղաքական բանավեճերը ընթանալու են ՔՊ-ի և «Հայաստան» դաշինքի միջև։ Այնպես չէ, որ «Հայաստան» դաշինքում չկան ապաքաղաքական դեմքեր, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի որդին, որը բացարձակապես հեռու մարդ է քաղաքականությունից, բայց այնտեղ կան դաշնակցական որոշ գործիչներ, օրինակ՝ Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, որոնք որոշակի առումով ունեն քաղաքական ինտելեկտ և կարող են քաղաքական խոսք հնչեցնել Ազգային ժողովի ամբիոնից։

-Համեմատելով նախորդ ընդդիմությունը և ներկայիսը՝ ինչպիսի՞ տարբերություններ և առանձնահատկություններ եք նկատում։

-Իրականում որևէ փոփոխություն գաղափարական և պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից տեղի չի ունեցել։ Որոշակի առումով «Պատիվ ունեմ» դաշինքը շատ ավելի ուղղակի կարելի էր քաղաքական համարել, քան այս «Ուժեղ Հայաստանին»։ Քանի որ այնտեղ կային որոշ պատգամավորներ, որոնք իրականում հասկանում էին քաղաքականությունից, թեկուզ Մամիջանյանը և այլն։ Բայց հիմա կարծում եմ, որ «Ուժեղ Հայաստանում» նույնիսկ Մամիջանյանի մակարդակի գործիչ չկա, որը, կրկնում եմ, չի կարողանալու քաղաքական խոսք հնչեցնել։

-Ըստ Ձեզ՝ ԱԺ մեծամասնությանը կհաջողվի համագործակցել ընդդիմության հետ։

-Չեմ կարծում։ Առանձին վերցրած անհատների հետ միգուցե, միգուցե ստացվի համագործակցություն որոշակի օրենքների շուրջ, բայց քաղաքական առումով, որոշակի հարցերի շուրջ։ Թիմային համագործակցություն այդ 2 բևեռների միջև չի լինի, և դա տրամաբանական է, որովհետև գաղափարական առումով շատ տարբեր են և՛ ՔՊ-ն, և՛ ընդդիմությունը։ Քանի որ այստեղ արդեն գալիս է արտաքին քաղաքական և ներքին քաղաքականության մասին պատկերացումների տարբերությունը, և մշակութապես էլ, կարելի է ասել, տարբեր բևեռների քաղաքական կերպարներ են։ Մենք չենք կարող դաշնակցական գործչին համեմատել ՔՊ-ի հետ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները լրիվ գաղափարական այլ հարթության մեջ են, որովհետև նրանք հայտարարել են խաղաղություն, տարածաշրջանային համագործակցություն, փակում են պատերազմի և ընդհանրապես այն 100-ամյա դաշնակցական քաղաքականության էջը և նոր էջ սկսում։ Իսկ Դաշնակցությունը դրան լրիվ հակադիր բևեռում է։ Բայց օրենսդրական որոշակի համագործակցություն հնարավոր է, օրինակ՝ անհատների միջև, և ես կարծում եմ, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում կլինեն պատգամավորներ, որոնք, հնարավոր է, 5 տարվա ընթացքում նաև ճամբարափոխություն իրականացնեն։ Ամեն ինչ հնարավոր է։

-Ընդդիմության այն խոսույթը, որ գեներացվում է, ի՞նչ է տալու։

-Ընդդիմությունը 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո իրեն դրել է այսպիսի ռեժիմի մեջ՝ այն, ինչ անում է իշխանությունը, ամեն ինչ վատ է, այս իշխանությունը ազգակործան է, պետք է հեռանա, փրկվի հայրենիքը և այլն։ Նույնիսկ որոշակի տրամաբանություն եթե լինի նրանց խոսքի մեջ, բայց այնպես է մատուցվում, որ բացարձակ չափազանցությունների հետ գործ ունենք։ Իսկ ծայրահեղությունները քաղաքականության մեջ տանում են ցանկացած ուժի փակուղու, և մենք տեսնում ենք, որ նրանք այդ ծայրահեղական մոտեցումները հնչեցնում են, և հենց առաջին զոհը իրենք են դառնում։ Նույնը տեսեք՝ Սամվել Կարապետյանը, չլինելով քաղաքական մարդ, չէր հասկանում, որ այդ քարոզչական հնարքը, որ իրականում իրականացնում էր, այսինքն՝ 300 հազար ադրբեջանցիների գալը Հայաստան և այլև, նրանց թողել է այդ քարոզչության տակ։ Այսինքն՝ քարոզչական այդ ծայրահեղականությունը պետք է լինի ռացիոնալության շրջանակում։ Երբ ծայրահեղականությունը խորացնում ես, դու մտնում ես իռացիոնալ հարթություն, որտեղ պարտվելու ես։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment