Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին անվանել է ոչ առողջ անձնավորություն, ում դրսից պարտադրել էին հանրապետությանը և ով ինը տարի ղեկավարել է այն, հայտարարել է նա լրագրողների հետ զրույցում։
«Ամեն օր այս մարդն ավելի ու ավելի է ապացուցում, որ իր ժամանակին ինը տարի շարունակ այս երկրի ղեկը գտնվել է ոչ առողջ մարդու ձեռքում։ Ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ նման ոչ առողջ անձնավորությանը դրսից դարձրեցին Վրաստանի նախագահ, իշխանության ղեկավար, ինչի մասին հանրությունը մեկ անգամ ևս պետք է հետևություններ անի»,- հայտարարել է նա։
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրությունը լավ գիտակցում է, որ գործակալական համակարգը ոչ մի դեպքում չպետք է ղեկավարի երկիրը։
Սահակաշվիլին Վրաստանից հեռացել էր 2013 թվականին, ինչից հետո երկրում նրա նկատմամբ հարուցվել է չորս քրեական գործ․ դրանցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ 2021 թվականի հոկտեմբերին Սահակաշվիլին գաղտնի վերադարձել է Վրաստան, սակայն ձերբակալվել է։ 2025 թվականի մարտին դատարանը Սահակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3,2 միլիոն դոլար պետական միջոցների մսխման գործով՝ դատապարտելով ինը տարվա ազատազրկման, ինչպես նաև 4,5 տարվա ազատազրկման՝ սահմանն ապօրինի հատելու համար։ 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը ցրելու և վրացական «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակը ջարդուփշուր անելու գործերը գտնվում են քննության փուլում։
