Մարոկկո-Սեուտա սահմանի զանգվածային հատման հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի

Մարոկկոյից դեպի իսպանական Սեուտա անկլավ զանգվածային սահմանային անցման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 72-ի, Հյուսիսային Աֆրիկայի ափերի մոտ հայտնաբերվել է ևս 5 դի, հայտնել է Reuters-ը։ 

Որոշ միգրանտներ խեղդվել են, իսկ մյուսները մահացել են հրմշտոցի ժամանակ՝ փորձելով անցնել արգելապատնեշից և սահմանային ցանկապատից։ Ավելի քան 1000 մարդ բժշկական օգնություն է ստացել։

Նախորդ շաբաթվա վերջին ավելի քան 50 000 մարդ ցամաքով և ծովով մտել էր Սեուտա։ Առաջին 48 ժամվա ընթացքում նրանցից ավելի քան 48 000-ը վերադարձել էր Մարոկկո, մյուս միգրանտներն անկլավը լքել էին ավելի ուշ։

Ըստ Associated Press-ի՝ ժամանածներից մի քանիսը որոշել են մնալ Սեուտայում՝ հույս ունենալով, որ, ի վերջո, կհասնեն Իսպանիա։ Մնացած միգրանտները գտնվում են ընդունման կենտրոնի մոտ և լողափերում, ջուր են ստանում իսպանական զինվորականներից և ապավինում տեղի բնակիչների օգնությանը։

Սեուտան և Հյուսիսային Աֆրիկայում գտնվող մյուս իսպանական անկլավը՝ Մելիլյան, Շենգենյան գոտու մաս չեն կազմում։ Այդ տարածքներից Իսպանիա մեկնելու համար անհրաժեշտ է անցնել սահմանային հսկողություն։

Իսպանիայի իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ Սեուտա ապօրինի մուտք գործած միգրանտները չեն կարող ազատորեն մեկնել ո՛չ մայրցամաքային Իսպանիա, ո՛չ էլ Շենգենյան գոտու մյուս երկրներ։

Մարոկկոյի իշխանությունները հայտնել են 11 զոհի մասին և նշել, որ ստուգում են իսպանական կողմում զոհերի վերաբերյալ տեղեկությունները։

Նրանց գնահատմամբ՝ զանգվածային սահմանահատման պատճառ են դարձել սոցիալական ցանցերում տարածված կեղծ տեղեկությունները, միգրանտների փոխադրումն իրականացնող ցանցերի գործողությունները, ինչպես նաև իսպանական դատարանի որոշման սխալ մեկնաբանությունը, որով սահմանափակվել էր ծովում հայտնաբերված միգրանտների անհապաղ վերադարձի կիրառումը։

Leave a Comment