Ամեն տարի մայիսի կեսերին Մրազը Արարատի մարզից իր կովերին տեղափոխում է Կոտայքի մարզի կերհանդակներ։ Կենդանիները յայլաներում մնում են մինչև սեպտեմբերի կեսը, Մրազի մտահոգություններն ու անհանգստությունը սկսվում են դրանից հետո։ Գյուղի արոտները վաճառել են, անասնակերը թանկացել է, աշխատուժ չկա։ Ասում է՝ 14 ամսում հարկադրված եղավ անասնագլխաքանակը 300-ից հասցնել 50-ի։
«Սրանք էլ եմ վերացնելու, անասնապահությունն օրեցօր դժվարանում է, պահելու հնարավորություն չկա արդեն»,- դժգոհում է նա։ Սեպտեմբերի վերջից՝ յայլաներում արոտի շրջանի ավարտից հետո անմիջապես մսուրային շրջանն է սկսվում։ Կովերին մսուրում պետք է կերակրի՝ մինչև հաջորդ տարվա մայիսի կեսերը, երբ կրկին սար բարձրանան։ Ստացվում է, որ մի քանի ամիս սարերում, բնական կերհանդակների հաշվին հավաքած գումարով անասնակեր պետք է գնի՝ 7 ամիս գոմում կերակրելու համար։
Նրա ասելով՝ մեկ տարի առաջ իրենց գյուղում 500 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի կար, հիմա հազիվ 200-ի է հասնում։ Գյուղի արոտները վաճառելուց հետո մարդիկ հարկադրված եղան մորթել կովերը։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2026թ․-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 468 006 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի։ Նույն աղբյուրի տվյալներով՝ 2020 թ․-ի տարեսկզբին հանրապետությունում 579 256 խոշոր եղջերավոր կենդանի կար։ Վեց տարվա ընթացքում (2020–2026թթ.) գլխաքանակը պակասել է 111 250-ով կամ շուրջ 19.2%-ով:
Խոշոր եղջերավորների ամենաստվար գլխաքանակը, դարձյալ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, կենտրոնացած է Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Լոռու մարզերում:
Հանրապետությունում 2021թ․-ից անասնագլխաքանակի կայուն անկում է գրանցվում։ Էկոնոմիկայի նախարարությունը մեր գրավոր հարցմանը, թե ի՞նչ գործոնների ազդեցությամբ է խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը պակասել, հայտնել է․ «Պատճառը կերհանդակների օգտագործվող տարածքների կրճատումն է, կենդանիների ցածր մթերատվությունը, կլիմայական պայմանները, խոտի բարձր գինը»։

Հիշեցնենք, որ կերհանդակների կրճատումը սկսվեց 2020թ․-ից՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Հայաստանի սահմանային մարզերում արոտների կորուստ գրանցվեց, նաև՝ սահմանափակվեց արոտավայրերի հասանելիությունը։ Սահմանային փոփոխությունների պատճառով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում մեծ տարածքով բարձրակարգ արոտավայրեր ու խոտհարքներ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ կամ հայտնվեցին հակառակորդի մշտական դիտարկման կետում, որի պատճառով դրանք այլևս անվտանգ չեն համարվում: Բացի այդ՝ թշնամին հանդերից մեծ թվով կենդանիներ քշեց-տարավ։
Նույնը կրկնվեց 2022թ․-ի սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա՝ հարվածներ հասցնելով Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Ջերմուկի և այլ ուղղություններով։ Ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանը մարդկային և տարածքային մեծ կորուստներ ունեցավ։ Կրկին հանդերից տարան անասուններին։
Պետությունը մասնակի փոխհատուցեց նրանց անասնագլխաքանակի կորուստը՝ պայմանով, որ կրկին կովեր պետք է գնեն։ Սակայն, ինչպես Վարդենիս համայնքի Սոթք գյուղի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնեց, մարդիկ արդեն ֆինանսական հնարավորություն չունեն նորը գնելու, քանի որ շատ է թանկացել։ Բացի այդ, կրկին կորցնելու վտանգը նրանց դրդում է ձեռնպահ մնալ անասնապահությունից։
Ադրբեջանի հարձակումից առաջ՝ 2022թ․-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել էր 559 627 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 2023թ․-ին հունվարի 1-ին՝ 501 862 գլուխ։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում պակասել էր 57 765 գլուխ:
Մասնագետները Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կրճատման երեք հիմնական պատճառ են նշում՝ տնտեսական, կառուցվածքային և անվտանգային։
Ներկայումս անասնապահությունը կրճատվում է ոչ միայն սահմանամերձ, այլև մյուս մարզերում։ Արագածոտնի մարզում, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2020-25թթ․-ին գլխաքանակը պակասել է 11 333-ով։ Այն դեպքում, երբ մարզում անասնապահությամբ զբաղվող գյուղերն ավելի մեծ թիվ են կազմում՝ հանձինս եզդիաբնակ գյուղերի, որոնց հիմնական զբաղվածությունն անասնապահությունն է։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ անասնապահությունը տնտեսապես դժվարացել է գյուղական փոքր տնտեսությունների համար։ Անասնագլխաքանակը պակասել է 1-20 կով ունեցող տնային տնտեսություններում։ Պատճառն այն է, որ տնային տնտեսություններն ամբողջությամբ կախված են համայնքային բնական արոտներից: Արոտների վաճառքի, ցանկապատման կամ սահմանային անհասանելիության դեպքում նրանք անասուններին գոմում պահելու հնարավորություն չունեն։ Դրանք ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում, ուստի հարկադրված են լինում մորթել:
Խոշոր ֆերմերային տնտեսությունների, անասնապահությամբ զբաղվող անհատների, նաև ոլորտի մասնագետների հետ մեր զրույցներից այլ պատճառներ էլ ենք առանձնացրել՝
- կաթի մթերման ցածր գինը չի ծածկում կենդանիների խնամքի և կերի ծախսերը:
- Փոքր տնտեսությունների համար սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ծախսատար է։ Մեկ կամ երկու անասունին սպանդանոց տեղափոխելն ու մորթ կազմակերպելը նրանց ստիպում է ընդհանրապես հրաժարվել անասնապահությունից:
- Մոտ արոտավայրերը վաճառվել են, հեռագնա արոտներում ճանապարհ և այլ ենթակառուցվածքներ չկան։
- Արևային կայաններ ու այգիներ են հիմնվել այդ տարածքներում, սերվիտուտ է սահմանվել, որը դարձյալ կրճատել է տարածքը։
- Արոտավայրերը երկարաժամկետ՝ 99 կամ 49 տարով, վարձակալության են հանձնել խոշոր բիզնեսներին։ Նման գործարքների պատճառով գյուղացիները զրկվում են ընդհանուր օգտագործման կերհանդակներից։
- Գյուղերում երիտասարդությունը հրաժարվում է զբաղվել ծանր ֆիզիկական աշխատանք պահանջող անասնապահությամբ։ Հովիվների և կթվորների անբավարար քանակի մասին են հայտնում նաև խոշոր անասնապահական ընկերությունները:
Կառավարությունը սուբսիդավորում է փոքր տնտեսությունների արտադրած կաթը
Կառավարությունը գյուղական փոքր տնտեսություններին աջակցելու ելքեր է որոնում։ Կաթի արտադրությունը խրախուսելու համար այս տարվա մայիսին ընդունած որոշումով սուբսիդա է տրամադրում 3-22 գլուխ կով ունեցողներին։ Երրորդ գլխից սկսած՝ մինչև 22 գլուխը ներառյալ (առավելագույնը 20 գլուխ), յուրաքանչյուր կովի համար 15 000 դրամ կարող են ստանալ։ Հաշվարկվել է, որ մթերման ենթակա կաթի յուրաքանչյուր կգ-ի համար 20 դրամ փոխհատուցման պարագայում 1 կովի հաշվով սուբսիդավորման ենթակա գումարը կկազմի 15000 դրամ (750 կգ 20 դրամ= 15000 դրամ)։
Հանրապետության բոլոր մարզերում միասին 90 000 գլուխ կով է հաշվառվել, որի համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 350 մլն դրամ։
Որոշման հիմնավորումն այն է, որ ապրիլ-օգոստոս ամիսներին կաթի արտադրությունը 3-4 անգամ գերազանցում է հոկտեմբեր-փետրվարին արտադրված կաթի քանակին՝ էականորեն խախտելով առաջարկ-պահանջարկ համամասնությունը։ Արդյունքում՝ ապրիլ-օգոստոս ամիսներին առաջարկը գրեթե կրկնակի գերազանցում է պահանջարկին, մինչդեռ հոկտեմբեր-փետրվարին հակառակ պատկերն է։ Այս հանգամանքով պայմանավորված, կաթ մթերող կազմակերպությունները, ապրիլ-մայիսից մինչև հոկտեմբեր, 20-30 դրամով (երբեմն՝ ավելի շատ) նվազեցնում են կաթի մթերման գինը, ինչն էլ առաջացնում է ֆերմերների դժգոհությունը։
«Ձեր կարծիքով, այս որոշումը նշանակալի ազդեցություն կարո՞ղ է ունենալ տնային տնտեսությունների համար»,- հարցնում եմ Ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գագիկ Թովմասյանին։
«Պետությունը լավ հասկանում է, որ խնդիրը խորանալու միտում ունի, որովհետև անասնապահությունը ծանր, աշխատատար ոլորտ է։ Այսօր գյուղերի գերակշիռ մասի հիմնական եկամտի աղբյուրը անասնապահությունն է։ Մեր դեպքում տնտեսվարողներն անասնապահությունից, հիմնականում, հրաժարվում են կաթի մթերման ցածր գնի պատճառով։ Կաթն արտադրողից մթերում են 150 դրամով, պաստերիզացիայի ենթարկելուց հետո խանութում վաճառում են 500 դրամով: Հիմա այդ կաթ արտադրողը շահագրգռվա՞ծ է կաթնարտադրության մեջ, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ ոչ, բայց այդ 15 000 դրամն էլ, չեմ կարծում, թե ինչ-որ բան է տալու»,- հայտնեց զրուցակիցս:
Նրա կարծիքով՝ ամենակարևոր քայլն այն կլինի, որ կաթի մթերման գինը բարձրանա։ «Լսել եք, չէ՞, տնտեսվարողներն ասում են՝ «մեկ լիտր կաթն ավելի էժան է, քան ջուրը»,- երկար տարիներ շրջանառվող այս միտքն է հիշեցնում պրն Թովմասյանը։ Նրա խոսքով՝ մեզ մոտ կաթնային անասնապահության չզարգանալը պայմանավորված է ցածր եկամտաբերությամբ։ Առաջինը՝ ցեղատեսակի ցածր կաթնատվությամբ, երկրորդը՝ կաթնամթերքի ցածր արժեքով։ «Կաթի մթերման արժեքը 10 տարի առաջ 150 դրամ էր, այսօր էլ նույն գինն է»,- անասնապահության ոլորտի խնդիրների մասին մեր զրույցում հայտնեց պրն Թովմասյանը։
Միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում իրականացրած բազմաթիվ ծրագրերում ներգրավված փորձագետն ասում է, որ աշխարհում արդեն տարեկան 18 000 լիտր կաթնատվությամբ կենդանիներ կան։ Իսրայելում այդ ցուցանիշը 11 000 լիտրը գերազանցում է։ «Հայաստանի գյուղական համայնքներում միջին կաթնատվության ցուցանիշը Վիճակագրական կոմիտեն ներկայացնում է 2200-2400 լիտր, բայց հաստատապես պնդում եմ, որ մի կովի հաշվարկով տարեկան 1600-1800 լիտրը չի գերազանցում»,- ասում է արոտների կառավարման մասնագետը։
Կաթի արտադրության ծավալների և իրացման գնի պարզ հաշվարկ կատարելուց հետո պրն Թովմասյանը միանշանակ պնդում է, որ անասնապահությունը գյուղացու համար այլևս եկամտաբեր չէ։ Բնական արոտների կրճատումը հանգեցրել է նաև խոտի և համակցված կերի գների կտրուկ բարձրացմանը, գյուղացին հնարավորություն չունի մսուրային շրջանում անհրաժեշտ քանակի կեր ապահովել։ «Միայն վեց ամիս մսուրային շրջանում պահելու համար մեկ կովին 2 տոննա խոտ է պետք։ Կենդանուն խնամում են 12 ամիս։ Ասացե՛ք ինձ, խնդրեմ, թե որտե՞ղ է գյուղացու շահույթը»,- հռետորական հարց է տալիս զրուցակիցս։
«Գյուղացին այսօր ա՜խ է անում, որ ձմեռը ուշ գա, գարունը՝ շուտ բացվի, որ կենդանուն դաշտ տանի։ Նրան որքան էլ բացատրենք, որ գարնանը կենդանիներին վաղաժամ չպետք է տանել արոտ, որովհետև դաշտը դեռ պատրաստ չէ արածեցման, բուսածածկը կվերանա՝ չի լսելու։ Եթե այլընտրանքի հնարավորություններ լինեն, մարդիկ միշտ խոսափում են անասնապահությունից, բայց սա ճիշտ մոտեցում չէ»,- ասում է պրն Թովմասյանը: Կրկին հիշեցնում է, որ Հայաստանն ագրարային երկիր է, բնականաբար, հողի և՛ լանդշաֆտի, և՛ բուսածածկի հետ կապված ցանկացած գործառույթ ժամանակին պատշաճ վերաբերմունքի պետք է արժանանա։
Ամեն բուսական տարածք դեռևս կերային ռեսուրս չէ
Գագիկ Թովմասյանն անասնապահության ոլորտի ամենակարևոր խնդիրն այսօր արոտների նկատմամբ պետական քաղաքականությունն է համարում՝ արոտների ճիշտ կառավարումը։ «Ճիշտ կառավարում ասվածը ենթադրում է ոչ միայն արոտը ճիշտ օգտագործելը, նաև՝ դաշտավարության զարգացումը։ Հայաստանի այս պահի հիմնական մարտահրավերը արոտների մարդածին դեգրադացիան է։ Մեր վերջին տարիների ուսումնասիրություններով՝ Հայաստանի արոտների մոտ 70%-ը տարբեր աստիճանի դեգրադացված է, 15%-ը՝ խիստ դեգրադացված»,- ասում է պրոռեկտորը:
Նրա խոսքով՝ դրան նպաստեցին մոտակա և համայնքամերձ հատվածի արոտների տարերային կառավարումը, գերծանրաբեռնված օգտագործումը և հեռագնա արոտների թերօգտագործումը։ Հայաստանն արոտային մեծ տարածք ունի՝ 1 050 000 հեկտար, սակայն ամեն բուսական տարածք դեռևս կերային ռեսուրս չէ։ Դաշտում կարող է շատ լավ բուսականություն լինի, բայց այն կենդանու համար պիտանի չլինի։
Մի դեպքում՝ գյուղամերձ հատվածների մոտակա արոտներում իրականացվող գերարածեցման հետևանքով բուսածածկի կրճատման արդյունքում ամառվա երկրորդ կեսից ակնհայտ է կենդանիների թերսնումը, ինչի հետևանքով մթերատվության կտրուկ անկում է գրանցվում, մասնավորապես՝ կաթնատվության հետ կապված խնդիրներ։ Մյուս դեպքում՝ հասանելիության խնդիրներով պայմանավորված, հեռագնա արոտներում զգալի քանակությամբ կերային պաշարներ չեն օգտագործվում։ Երկու դեպքում էլ արոտներում դեգրադացման գործընթացներն անխուսափելի են:
Զրուցակիցս նշում է, որ խորհրդային պետության ժամանակ նույն տարածքը գրեթե կրկնակի ավելի անասնագլխաքանակի կերի բազա էր ապահովում։ Անկախության ժամանակահատվում, երբ հեռագնա արոտների հասանելիությունը վատացավ, ամբողջ լարվածությունը տեղափոխվեց համայնքամերձ հատվածներ։ Եթե մեկ հեկտարի վրա, պայմանական, պետք է արոտի դուրս բերել մեկ կենդանի, իրականում այդ հեկտարի վրա ծանրաբեռնվածությունը հինգ-վեց կենդանի էր կազմում։ Դա հանգեցնում էր արոտների գերօգտագործման, տրորման, որի պարագայում լանդշաֆտային խոտածածկը և՛ որակապես, և՛ քանակապես փոխվեց։ Այսինքն, դեգրադացիան բավականին բարձր մակարդակի հասավ:
Մյուս խնդիրն այն է, որ մեր երկրի վարչական տարածքի մի զգալի հատվածում, հատկապես՝ Հայաստանի հարավում, կլիմայի փոփոխությունը շատ ակնհայտ է։ Ջերմաստիճանի բարձրացումը թեկուզ 1,4 աստիճանով էկոհամակարգում բավականին լուրջ մարտահրավերներ է առաջացնում՝ անապատացման գործընթաց է սկսվում։
Ժամանակին, օրինակ, Վայոց ձորի մարզում չափավոր խոնավասերները գերակշռում էին միջին գոտներում։ Հիմա ոչ միայն տեսակային կազմի փոփոխություն է կատարվել, այլև՝ բուսածածկի աղքատացում ու նոսրացում։
Գ․ Թովմասյանը պատմում է, որ ԽՍՀՄ-ի շրջանում Հայաստանում և ընդհանրապես Կովկասի տարածաշրջանում գործում էր արոտների կառավարման երկզոնային համակարգ։ Այսինքն՝ ամառային ժամանակահատվածում հեռագնա արոտները, որ յայլա տեղեր կամ սարատեղեր էին կոչվում, ուր ձևավորված էին նաև հեռագնա արոտօգտագործման անհրաժեշտ ենթակառուցվածքներ, պարտադիր օգտագործվում էին հիմնականում պետական տնտեսությունների անասնագլխի սեզոնային կերապահովումը կազմակերպելու համար: Համայնքամերձ հատվածի արոտները թողնում էին համայնքին՝ մասնավոր հատվածի անասունների արոտային կերապահովումը կազմակերպելու համար:
«Մեզանում հիմա երկուսն էլ կիրառելի են, սակայն երկուսի դեպքում էլ բազմաթիվ թերություններ կան։ Համայնքամերձ հատվածի արոտները հիմնականում անասնագլխով գերբեռնված են, այսինքն` գերօգտագործվում են, իսկ հեռագնա արոտները՝ լավագույն դեպքում 25-35%-ով, հիմնականում միջին և խոշոր ֆերմերային տնտեսությունների կողմից»,- ներկա պատկերն է ներկայացնում արոտօգտագործան մասնագետը:
Բացի այդ, նրա ասելով՝ սոցիալ-տնտեսական խնդիրներով պայմանավորված, հեռագնա արոտավայրերն այսօր խիստ թերբեռնված են օգտագործվում կամ գրեթե չեն օգտագործվում։ Շարքային ֆերմերը որքան էլ ցանկանա օգտագործել այդ տարածքները, տեխնիկատնտեսական տեսակետից նպատակարմար չէ և քիչ հասանելի է՝ պայմանավորված նաև հեռագնա արոտօգտագործում կազմակերպելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների քայքայված վիճակով կամ բացակայությամբ։
Կենդանիներին կթելու, գիշերելու անհրաժեշտությունը, խմելու ջրի սակավությունը, ճանապարհների, կացարանների և այլ ենթակառուցվածքների բացակայությունը նույնպես խոչընդոտում են դրանց լիարժեք օգտագործմանը։ Հետևաբար, համայնքամերձ արոտավայրերի վրա ճնշումը կրկնակի մեծանում է՝ դրանք գերբեռնված և գերարածեցված են։
Գագիկ Թովմասյանը միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում արոտների կառավարման ոլորտում իրականացվող բազմաթիվ ծրագրերում ներգրավվելով՝ մշակել է արոտների կայուն կառավարման պլան, գյուղամերձ դեգրադացված արոտների վերականգնողական միջոցառումների ուղեցույց, խորհրդատվություն է տրամադրել բնական արոտների և խոտհարքների կառավարման ու պահպանության ուղղությամբ:
Փորձագետը հայտնում է, որ արոտավայրերը կառավարելու հնարավորությունների առումով Հայաստանը շահեկան երկիր է, որովհետև արոտների ընդամենը 3%-ն է մասնավոր սեփականություն, 97%-ը պետական և համայնքային սեփականություն է։ Կառավարությունը 2010թ․-ին նաև պետական սեփականություն համարվող հողատարածքները պատվիրակեց համայնքների կառավարմանը։
Համայնքապետարանների համար նրա մշակած արոտների կառավարման մեթոդական ուղեցույցը պարտադիր պահանջ է համարում համայնքի ղեկավարի աշխատակազմում գյուղատնտեսի ու հանդապահի հաստիքներ ունենալը։ Գ․ Թովմասյանը ցավում է, որ ոչ բոլոր համայնքներում կարևորեցին այդ առաջարկը։ «Ճիշտ է, այսօր խոշորացված համայնքներում ստեղծվել են գյուղատնտեսության և բնապահպանության բաժիններ, սակայն շատ համայնքներում այդ բաժնում կա՛մ գյուղատնտեսներ չկան, կա՛մ շատ քիչ են։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն անտեսել է նրա առաջարկներից ևս մեկը․ միջազգային տարբեր ծրագրերով համայնքների վարչական տարածքների հեռագնա արոտներում ստեղծված ենթակառուցվածքներն անհրաժեշտ է գույքագրել համայնքապետարանի հաշվեկշռում, և համայնքը դրանք պահպանելու պարտավորություն ստանձնի: Չի արվել, որի հետևանքով աշնանը ֆերմերները սարից իջնում են, խմոցները չեն դատարկում, ջուրը սառչում է խողովակաշարերի մեջ, գարնանը գնում են և տեսնում ամբողջը վթարված է։
Ագրարային համալսարանի պրոռեկտորը կարծում է, որ Կառավարությունը լուրջ անելիքներ ունի այս ուղղությամբ:
Աշխարհում ամենաբարձր արտադրանքը բնական միջավայրում ստեղծված էկոլոգիապես մաքուր արտադրանքն է
«Մեզ մոտ արոտավայրը մինչև հիմա դիտարկվել է միայն որպես անասնակեր, բայց երբեք չպիտի մոռանանք, որ դա նաև շրջակա միջավայրի կարևոր բաղկացուցիչն է իր էկոհամակարգով։ Միաժամանակ, աշխարհում ամենաբարձր արտադրանքը, որակական առումով, բնական միջավայրից ստեղծված էկոլոգիապես մաքուր արտադրանքն է»,- ասում է պրն Թովմասյանը։ Նա նշում է, որ աշխարհում եզակի են նման ռեսուրս ունեցող երկրները։ Արևմտյան Եվրոպայում ամենաբարձրարժեքը Ալպյան մարգագետինների կաթից ստացված անարատ կաթնամթերքն է, որովհետև էկոլոգիապես մաքուր և կենսաքիմիական առումով մարգագետնային բազմաբաղադրատար բուսածածկը որակ է ապահովում։
Նշենք, որ Հայաստանում հաշվառվել են յուրօրինակ կենսաբազմազանությամբ հարուստ մոտ 8500 հեկտար տարածք զբաղեցնող Պալեարկտիկական խոտհարքներ։ Դրանք գտնվում են Վայոց ձորի մարզի Սելիմ, Հերմոն և Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղերի տարածքներում։
Ի՞նչ է անում Կառավարությունը հողերի դեգրադացիան բարելավելու համար
Հայաստանը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի կոնվենցիաները ստորագրելով՝ որոշ պարտավորություններ է ստանձնել։ Դրանց շրջանակում Կառավարությունը 2021թ․-ին հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիր է հաստատել (N 725–Լ)։ Ծրագրի միջոցառումների ցանկում Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել էր սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերն այլ կատեգորիայի փոխադրման բացառիկ դեպքերը։
Նախարարությունից հայտնում են, որ այդ կետի կատարումն ապահովելու նպատակով 2021թ․-ին ընդունել են «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987–Ն որոշումը։ Այս տարվա մարտի 12-ին ընդունված 282-Ն որոշումով լրացում է կատարվել նշված որոշման մեջ։
Հիշյալ երկու որոշումներով գյուղնշանակության հողերը ոչ գյուղնշանակության հողերի փոխադրելու սահմանված ցանկը չափազանց ընդլայնված է, բացառիկության մասին խոսք լինել չի կարող։ Հետևաբար, համայնքների ղեկավարներն անարգել հնարավորություն ունեն արոտավայրերի նշանակությունը փոփոխելու և վաճառելու։ Պատահական չէ, որ վերջին տարիներին ամենաշատ վաճառվողը գյուղնշանակության հողերն են, որոնց նշանակությունը շատ արագ փոխվում է։
Նույն՝ «Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագրով» Կառավարությունը հանձնարարականներ է տվել նաև Շրջակա միջավայրի նախարարությանը (ՇՄՆ)։ Ընդ որում, նախարարությանը տրված հանձնարարականների կատարմանն աջակցելու համար ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) Հայաստանի գրասենյակը ՇՄՆ-ի հետ իրականացնում է «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ծրագիրը։
3 մլն 598 631 ԱՄՆ դոլար արժողությամբ այս դրամաշնորհային ծրագիրն իրականացվելու է 2024-2028թթ․ ընթացքում՝ ընդգրկելով Գեղարքունիք և Վայոց ձոր մարզերի Մարտունի, Վարդենիս, Շողակաթ, Եղեգիս, Վայք և Ջերմուկ համայնքները:
Ծրագրի նպատակն է Սևանա լճի ավազանի լանդշաֆտներում կենսաբազմազանության պահպանումը և հողերի դեգրադացիայի նվազեցումը՝ կիրառելով կայուն գյուղատնտեսության և հողօգտագործման մեթոդներ։ Այս միջոցառումները պետք է օգնեն Հայաստանին՝ կատարել Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները։
Մեր հարցմանը, թե գործողություններից որոնք և ինչ չափով են իրականացվել, ՇՄ նախարարությունը ծավալուն, միաժամանակ վերացական պատասխան է փոխանցել։ Իրականացված աշխատանքներին առաջիկայում կանդրադառնանք առանձին հրապարակումով։
Գագիկ Թովմասյանի լուսանկարը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքէջից
Մյուս լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Ինֆոգրաֆիկաները՝ Նարե Պետրոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter