ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունները կվերսկսվեն օգոստոսի 3-ին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Air Force One ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցին։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե որտեղ են կայանալու բանակցությունները և ովքեր են մասնակցելու դրանց: Նա հերթական անգամ հայտարարել է, որ կողմերը մոտ են գործարքի կնքմանը։ Ճշտող հարցին, թե արդյոք վերջնաժամկետ կա Իրանի հետ համաձայնագրի համար, Թրամփը չի պատասխանել:
ԱՄՆ առաջնորդը դարձյալ կրկնել է, որ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի դաշնակիցները, ինչպես նաև Թեհրանը իրեն խնդրել են չեղարկել Իրանի դեմ նախատեսված հարվածները: Նրա խոսքով՝ ԱՄՆ դաշնակիցները պնդում են, որ «գործարքն արդեն կնքվել է»:
«Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարք կա։ Այնուհետև կլինի համաձայնագիր միջուկային հարցի, կամ, կարելի է ասել, Իրանի ապամիջուկայնացման վերաբերյալ»,- հավելել է նա։ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է ցանկացած պահի վերսկսել հարձակումները, եթե դրա կարիքը կլինի։
Իրանում Թրամփի հայտարարություններին դեռ չեն արձագանքել։ Բանակցությունների վերսկսման մասին հայտարարության ֆոնին Brent տեսակի նավթի գները նվազել են ավելի քան 4 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 83,9 դոլարի:
ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ շուտով համաձայնագիր կկնքի Իրանի հետ։ Սակայն այս հայտարարություններին երբեմն հաջորդել են փոխադարձ հարվածներն ու հարձակումները։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հերթական էսկալացիան սկսվել էր հուլիսի 8-ին։ ԱՄՆ Զինված ուժերը Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ մի քանի հարվածներ էին հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա իրանական կողմի հարձակման:
Նույն օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ հրադադարի ռեժիմի դադարեցման մասին: Պատասխան գործողությունների շրջանակներում Թեհրանը սկսել էր հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտներին, որոնք գտնվում են Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում: Հուլիսի 24-ին կողմերը դադարեցրել էին փոխադարձ հարվածները։
Լուսանկարը՝ Anna Moneymaker/Getty Images
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter