Լիբանանցի հրապարակախոս, «Սև կարապը» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում՝ Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառաբանությամբ, հայտնել է նա X-ում։
Տնտեսագետի և հրապարակախոսի խոսքով՝ իր հրաժարումից հետո կազմակերպիչները զգալիորեն բարձրացրել են նրա վարձատրությունը, սակայն դա չի ազդել նրա որոշման վրա։
«Նրանք սխալ են հասկացել իմ էթիկական սկզբունքները՝ կարծելով, որ ավելի բարձր վարձատրությունը կփոխի կարծիքս։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է»,- գրել է նա։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր երկարամյա ազատազրկման՝ 20 տարուց մինչև ցմահ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ բացառել էր գերիների վաղաժամ ազատ արձակումը։
2025 թվականի սեպտեմբերից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո միջազգային ոչ մի կառույց չի այցելել հայ գերիներին։
