«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությունը:
Նորընտիր խորհրդարանականներին ներկայացրել են խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը:
Կարապետյանն իր խոսքում նշել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այցելել է Էջմիածին, քանի որ Կաթողիկոսին չէր տրամադրվել օրենսդրությամբ նախատեսված հնարավորություն՝ ելույթ ունենալու խորհրդարանի առաջին նստաշրջանի բացմանը:
Գրիգորյանն այցը Գարեգին Բ-ին որակել է որպես պատգամավորների հոգևոր պարտք: Նրա խոսքով՝ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են «ուղղել տեղի ունեցածը» այն բանից հետո, երբ Ազգային ժողովի առաջին նիստում Կաթողիկոսի ուղերձն ու աղոթքն առաջին անգամ չեն հնչել:
Գարեգին Բ-ն հայտնել է, որ «հայտնի պատճառներով» չի կարողացել մասնակցել խորհրդարանի նիստին և պատգամավորներին փոխանցել Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու հայրապետական ուղերձը:
Կաթողիկոսը նաև հայտարարել է երկրում առկա մտահոգիչ իրավիճակի, հասարակական պառակտման, քաղաքական բևեռացման և Հայոց Եկեղեցու դեմ ձեռնարկվող «հակաօրինական ու հակասահմանադրական քայլերի» մասին։
«Նման անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը, ժողովրդավարության և օրինականության ամրապնդումը, արդարության ու ճշմարտության գերակայությունը», – նշել է ՀԱԵ առաջնորդը:
Գարեգին Բ-ն կոչ է արել պատգամավորներին գործել հանուն երկրի անվտանգության, անկախ պետականության ամրապնդման և ժողովրդի բարեկեցության։ Նա նաև շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին Հայոց Եկեղեցուն ցուցաբերած աջակցության համար՝ իշխանությունների շարունակվող արշավի և «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման ֆոնին։
Հանդիպումն ավարտվել է «Պահպանիչ» աղոթքով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա մայիսից խիստ քննադատության է ենթարկում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը և կոչ անում փոխել Կաթողիկոսին։ 2026 թվականի հունվարին Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բարեփոխման համակարգող խորհրդի ստեղծման մասին և ներկայացրել «ճանապարհային քարտեզ»։ Փետրվարին դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ և արգելել նրա ելքը Հայաստանից։ Գործը կապված է նախկինում կարգալույծ արված Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքի հետ։
