ԱԺ-ի շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել վարկային բարձր տոկոսների դեմ – armeniatoday.am

Ազգային ժողովի շենքի դիմաց օգոստոսի 2-ին բողոքի ակցիա է անցկացվել բանկերի և վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների դեմ։

Ակցիայի մասնակիցները պահանջել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում։ Նրանք բարձրացրել են «ԴԱՀԿ տույժերի և տուգանքների մեկանգամյա համաներում», «Սա մեր վերջին հույսն է», «Միացե՛ք», «Պայքար մինչև արդար արդյունք», «Բանկերի և վարկային կազմակերպությունների բարձր տոկոսներին՝ ո՛չ» գրություններով պաստառներ։

Ակցիայի մասնակից Սուսաննա Ասիրյանը ներկայացրել է «Արդշինբանկի» հետ կապված իր վարկային պատմությունը։ Նա դժգոհել է բանկի բարձր տոկոսադրույքներից և ասել, որ ամսական 12 հազար դրամ է վճարում, որից ընդամենը 1500 դրամն է ուղղվում մայր գումարի մարմանը։

Ակցիայի մասնակիցները հիշեցրել են նաև վարկերի տոկոսադրույքների նվազեցման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականին արած հայտարարությունը։ Նրանց խոսքով՝ Փաշինյանը բանկիրների հետ հանդիպման ժամանակ պահանջել էր օրենսդրական նախագիծ մշակել, նվազեցնել բանկերի և վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքները և սահմանել ընդունելի վարկային տոկոսներ։

Մասնակիցները նշել են, որ նախաձեռնությունը 2019 թվականից ի վեր չի իրականացվել, և այժմ իրենք պահանջում են այն կյանքի կոչել։

Leave a Comment