Մուլտի Վելնեսն ու «Նոյ» գործարանը կսկսեն գործել այլ կառավարմամբ․ Ծառուկյանի ակտիվների շուրջ վեճը կարող է հասնել միջազգային արբիտրաժ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ավելի քան 170 հայցադիմումների ընդհանուր հայցագինը կազմում է 629 միլիարդ դրամ՝ տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։ Այդ գործերով անցնում են բազմաթիվ հայտնի գործիչներ, այդ թվում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որի նկատմամբ հարուցված են մի քանի քրեական վարույթներ, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատախազությունը ներկայացրել է պահանջներ։ 

Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման, ինչպես նաև հարկերից խուսափելու հոդվածներով է։ Տնտեսական վեճը, սակայն, հնարավոր է տեղափոխվի միջազգային հարթակ՝ միջազգային ներդրումային արբիտրաժային հայցով։ Նման մտադրությունն է հայտնել Ծառուկյանի հետ մի շարք բիզնեսներում կապ ունեցող ներդրող։ Պետությունն այս դեպքում վկայակոչում է հարուցված վարույթների իրավական հիմքերը։

«Մուլտի Ուելնես» սպորտային խոշոր համալիրը, որը ներառված է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձման ենթակա գույքի ցանկում, դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի շրջանակում հանձնվել է Երևանի համայնքի կառավարմանը։ Երևանի քաղաքապետը հայտարարեց համալիրի վերաբացման մասին, իսկ մինչ այդ հեռացվել էր համալիրի անվան վահանակն ու հարակից տարածքում դրվել էր քաղաքապետարանի դրոշը։ Համալիրը ներկայում Երևանի համայնքի կառավարման ներքո է՝ սոցցանցային լայվով հայտարարեց Տիգրան Ավինյանը․

«Բոլոր այն ծառայությունները, որոնք դուք գնել եք նախկինում, շարունակելու են ձեզ մատուցվել, և Երևանի քաղաքապետարանը ապահովելու է համալիրի բնականոն աշխատանքը»։

Արդեն նախկին «Մուլտի Ուելնես»-ի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը որոշմանը տեղյակ չէր։ Լրագրողներից ասաց՝ իրեն իրավապահները որևէ փաստաթուղթ չեն փոխանցել, որի հիման վրա կարող էր կազմակերպել կառավարման փոխանցումը։ Այդ ընթացքում  հայտնի դարձավ, որ «Yerevan wellness center»-ի կառավարումը հանձնվել է նոր պատասխանատուի՝ «Մուլտի Ուելնես»-ի նախկին մարզիչներից Նշան Մալխասյանին։

Ընդհանուր առմամբ Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել․

• 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ։

• 10 գույքի շուկայական արժեք։
• 42 տրանսպորտային միջոց։
• 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն,«Մուլտի Ուելնես»- և այլ։

Հայցվող դրամական պահանջը 105 միլիարդ դրամից ավելի է։ 

Այս ցանկում է նաև «Արարատցեմենտ» գործարանը, որը հանձնվել է Էկոնոմիկայի նախարարության կառավարմանը, իսկ նախօրեին դրա կառավարիչ նշանակվեց վարչապետի օգնական, Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Նախարարությունը ձեռնարկելու է  բոլոր քայլերը, որ գործարանն աշխատի ողջ հզորությամբ և անխափան՝ վստահեցնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ բնականոն աշխատանքը կսկսեն նաև «Նոյ» գործարանը և  Ծառուկյանին առնչվող այլ ընկերություններ։

 Գործընթացին, որը ներքաղաքական տիրույթում մի կողմից ներկայացվում է որպես «ունեզրկում», մյուս կողմից՝ «պետականացում», պատրաստվում է միջամտել նաև երրորդ կողմը։ Մասնավորապես, «Արարատցեմենտ»-ի առնչությամբ Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին Հայաստանի կառավարությանը ծանուցել է, որ պատրաստվում է ներդրումային վեճի վերաբերյալ հայց ներկայացնել միջազգային արբիտրաժ, եթե հարցը չկարգավորվի բանակցություններով։ Նա պնդում է, որ ՀՀ իշխանությունների գործողությունները խախտել են իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը և վկայակոչում է Բելառուսի և Ռուսաստանի հետ Հայաստանի պայմանագրերն ու ԵԱՏՄ մասին պայմանագիրը։

 Միջազգային արբիտրաժ դիմելու մտադրությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ՀԷՑ-ի օրինակով․

«Հիշո՞ւմ եք այստեղ ինչ խոսակցություն էր տեղի ունենում, որ ՀԷՑ-ի նախկին սեփականատերը արբիտրաժում հաղթել է, մի հատ էլ լրագրողները տեռորի մեջ՝ վայ, կառավարությունը արբիտրաժում պարտվեց, պարտվելու է։ Բա ինչո՞ւ չեք լուսաբանում, որ ջախջախվել են արբիտրաժում։ Ես համոզված եմ, որ ինչպես ՀԷՑ-ի դեպքում, դեռ շատ նորություններ կիմանանք»։

«Արարատցեմենտ» գործարանին առնչվող ուսումնասիրությունները տարիներ առաջ են սկսվել, ասում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը՝ ներկայացնելով գործընթացի իրավական հիմքերը։ Նա ընդգծում է, որ կիրառված միջոցը վերաբերում է գույքի պահպանմանն ու կառավարմանը, իսկ բռնագանձման հարցը պետք է լուծվի դատական վերջնական ակտով։

«Այստեղ կիրառվեց «հայցի ապահովման միջոց»։ Սա այն բացառիկ լիազորություն է, որը նախատեսված է միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով։ Այն թույլ է տալիս համապատասխան հիմքերի դեպքում միջնորդություն ներկայացնել դատարան և հայցի ապահովման միջոց որպես գույքի պահպանումը և կառավարումը հանձնել այս կամ այն կազմակերպությանը, մասնագիտացված կազմակերպությանը կամ պետական մարմիններին։ Դատախազության դիրքորոշումը միանշանակ է․ բոլոր այն դեպքերում, երբ կստացվեն տվյալներ, որ օրինակ բռնագանձման ենթակա գույքը այս կամ այն կերպ փորձ է կատարվում օգտագործել ենթադրյալ հանցանքի կատարման համար կամ օգտագործվել է ենթադրյալ հանցանքի կատարման համար, կամ որևէ կերպ փորձ է կատարվում էականորեն նվազեցնել գույքի արժեքը, կամ որևէ կերպ խոչընդոտներ ստեղծել հետագայում դրա բռնագանձման համար, ապա դատախազությունը միանշանակ նմանատիպ միջնորդություններով հանդես է գալու դատարանում»։

Միլիարդների արժեքով ապօրինի գույքի բռնագանձման աղմկահարույց գործերով անցնում են  հանրությանը հայտնի շատ գործիչներ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը և այլ նախկին պաշտոնյաներ։

Leave a Comment