Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Հայաստանի երկաթուղիները РЖД-ի կառավարմանն են հանձնվել 2008 թ․ փետրվարի 13-ին՝ նախագահական ընտրությունների քվեարկությունից վեց օր առաջ։ Միայն այս փաստը բավական է, որպեսզի այդ գործարքը գնահատվի որպես իշխանության տրանզիտի հարցում լոյալության դիմաց երկրի ազգային սեփականության, այն տնօրինելու ինքնիշխան իրավունքի օտարում այլ երկրի՝ տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնությանը։
Ընդ որում, դա տեղի է ունեցել ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը մերժելուց, նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականից ուղիղ տասը տարի անց։ Երկաթուղու կառավարումը Ռուսաստանին հանձնելով՝ Երևանը Բաքվին և միջազգային հանրությանը հստակ ուղերձ է հղել, որ ղարաբաղյան կարգավորում չի լինելու։
Ամենևին պատահական չէ, որ արդեն Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում երկաթուղու Մեղրիի հատվածն ապամոնտաժվել է։ Դա Հայաստանը տարածաշրջանի «կույր աղիք» դարձնելու «ուղերձ» էր։ Իսկ «կույր աղիքը» ինչ-որ հանգամանքներում կարող է «բորբոքվել և հեռացվել»։ Քառասունչորսօրյա պատերազմը, մեծ հաշվով, այդ մասին էր»։
