Կառավարությունը հավանություն է տվել ԵԶԲ-ի հետ դրամաշնորհային համաձայնագրին

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների ծրագրերի շրջանակում երեք դրամաշնորհային համաձայնագրերի կնքմանը։

Համաձայնագրերը նախատեսում են ծրագրերի իրականացման տեխնիկական և կառավարչական աջակցություն, ինչպես նաև կանաչ հավաստագրման վերաբերյալ խորհրդատվություն։ Աջակցությունը կներառի գնումների գործընթացները, տեխնիկական վերահսկողությունը, շրջակա միջավայրի և սոցիալական պահանջների համապատասխանության ապահովումը, ինչպես նաև հաշվետվությունների պատրաստումը։

Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար, որը նախատեսվում է տեղակայել Սիսիանից 7 կմ հեռավորության վրա, նախատեսվում է շուրջ 12 մլն եվրո ֆինանսավորում՝ 10 մլն եվրո վարկային և 2 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով։

Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ֆինանսավորումը կկազմի շուրջ 45 մլն եվրո, որից 39 մլն եվրոն՝ վարկային միջոցներ (երկու տրանշով), իսկ 6 մլն եվրոն՝ դրամաշնորհ։

Կանաչ հավաստագրման խորհրդատվական աջակցությունը պետք է ապահովի կենտրոնների համապատասխանությունը միջազգային բնապահպանական չափանիշներին։ Այն ներառում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, էներգաարդյունավետության բարձրացում, ռեսուրսների խնայողաբար օգտագործում և էկոլոգիապես մաքուր նյութերի ու տեխնոլոգիաների ներդրում։

Կառավարությունից հայտնել են, որ կենտրոնների ստեղծումը հնարավորություն կտա բարելավել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման որակն ու արագությունը, ինչպես նաև բարձրացնել մաքսային վերահսկողության արդյունավետությունը, թափանցիկությունն ու կանխատեսելիությունը։

Leave a Comment