Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով, տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր»,- նշել է Մելիքյանը։
Աշոտյանին կալանավորել էին հունիսի 5-ին՝ 1 ամսով։ Նա, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, վերջինիս որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու ևս 3 անձ անցնում են Բրյուսովի համալսարանին պատկանող գույքի օտարման գործով։
Նախկին պաշտոնյաները մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման, դրա օժանդակության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ու դրան օժանդակելու համար։ Հուլիսի 2-ին գործով անցնող Արտյոմ Խաչատրյանի և նրա հորեղբոր որդու՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։
Հուլիսի 10-ին դատարանը ևս մեկ ամսով երկարաձգել էր Աշոտյանի նախնական կալանքը՝ մասամբ բավարարելով քննիչների միջնորդությունը՝ կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։
