Հ.Մ.Ը.Մ.-ի մասնակիցները համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել։ Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» սկաուտական բանակավայրում բանակումի 809 մասնակից կազմել է մարդկային ամենամեծ շուշանածաղկի պատկերը՝ գրանցվելով «Գինեսի համաշխարհային ռեկորդների» գրքում։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2018 թվականի հուլիսի 29-ին՝ Անգլիայի Չեշիր քաղաքում, որտեղ շուշանածաղկի պատկերը կազմել էր 445 սկաուտ։
Ռեկորդի հաստատման արարողությանը ներկա էին Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչության անդամներն ու դիտորդները։
ՀՄԸՄ-ի համահայկական բանակումն անցկացվում է 4 տարին մեկ։ Այն նպատակ ունի ամրապնդել ազգային ինքնությունը, հայրենիք-սփյուռք կապերն ու հայ երիտասարդների միջև համագործակցությունը։
«Արարատի համար՝ կանգուն» նշանաբանով անցկացվող բանակումին այս տարի միացել է 30 պատվիրակություն։ Մասնակիցների թվում են ՀՄԸՄ-ի 26 շրջանի, ինչպես նաև Իրանի սկաուտական 4 միության սկաուտներ ու մարզիկներ։
