Առաջիկա օրերին Թուրքիայի խորհրդարան կներկայացվի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինաթափման մասին օրինագիծ, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Առաջիկա օրերին մենք խորհրդարան կներկայացնենք մեր մշակած իրավական ակտը։ Քաղաքական կուսակցությունների աջակցությամբ մենք կավարտենք ահաբեկչությունից զերծ Թուրքիայի ստեղծման գործընթացը։ Երբ այս գործընթացն ավարտվի, մեր երկիրը կազատվի ծանր տնտեսական բեռից, որից կօգտվեն նրա բոլոր 86 մլն բնակիչները», – ասել է Էրդողանը։
Ըստ նրա՝ ահաբեկչությունից Թուրքիայի կրած վնասները տարեկան գերազանցում են 50 մլրդ դոլարը։ «Մեր հարկային վնասները մոտենում են 123 մլրդ դոլարի։ Սա ներառում է ներդրումները, զբաղվածությունը և ֆինանսավորումը։ Ահաբեկչությունից տարեկան միջին վնասները գերազանցում են 50 մլրդ դոլարը», – նշել է նա։
PKK-ի լուծարման գործընթացը սկսվել էր 2025 թվականի փետրվարին՝ ահաբեկչական գործունեության համար ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանի նախաձեռնությամբ: Այդ տարվա մայիսին կուսակցությունն անցկացրել էր համագումար, որտեղ որոշել է լուծարվել և վերջ դնել Թուրքիայի հետ գրեթե 50-ամյա հակամարտությանը: PKK-ի զինաթափման գործընթացը սկսվել էր հուլիսի 11-ին Հյուսիսային Իրաքում: Հետագայում Թուրքիայի խորհրդարանում ստեղծվել է PKK-ի զինաթափման հատուկ հանձնաժողով:
