«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատախազություն հաղորդում է ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործողություններում խուլիգանության հատկանիշներ տեսնելով։ Այս մասին հայտնել է կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ հաղորդումը վերաբերում է Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային վայրում, մեքենայից, «առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու» դեպքին։
«Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, բայց նաև անընդունելի ենք համարում փողոցում սեռական բնույթի հայհոյանքներ բղավելը։ Վերջինս, ինչպես և բռնությունը, քրեական օրենսգրքով արգելված արարք է»,- նշել է Իոաննիսյանը։
Նա ընդգծել է, որ բռնության դեպքով իրավապահներն արդեն զբաղվում էին, մինչդեռ հրապարակային հայհոյանքների մասով, ըստ նրա, իրավական արձագանք չի հնչել։
«Քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է, կա ռիսկ, որ իրավապահները կարող են աչք փակել դրա վրա։ Այդ պատճառով էլ այդ մասով հաղորդում ներկայացրեցինք»,- գրել է նա։
Իոաննիսյանի խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի իրավապահները «փողոցում կամ հրապարակային վայրում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնողների նկատմամբ միանման վերաբերմունք ցուցաբերեն՝ անկախ նրանց կամ նրանց մերձավոր ազգականների կարգավիճակից»։
Հուլիսի 25-ի գիշերը Ավետ Կոնջորյանը դաժան ծեծի էր ենթարկվել իր տան շքամուտքի մոտ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
