«Չընկրկել մարտահրավերներից և շարունակաբար սովորել». Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է ՌՀ համալսարանի շրջանավարտներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 27-ին մասնակցել է Ռուս-հայկական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ելույթով:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ նախարարի առաջին տեղակալը նշել է, որ բուհն ավարտելը նոր հնարավորությունների, ձեռքբերումների և մասնագիտական աճի միայն սկիզբն է։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

«Գևորգ Մանթաշյանը շրջանավարտներին հորդորել է չվախենալ մարտահրավերներից, համարձակորեն կյանքի կոչել նոր գաղափարներ, մշտապես զարգացնել կարողությունները։ Նա ընդգծել է, որ տեխնոլոգիական նման փոփոխությունների ժամանակ առավել կարևորվում է շարունակական ուսումնառությունը, որը հաջողության և մասնագիտական կայացման կարևորագույն նախապայմանն է։

Նախարարի առաջին տեղակալը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանին և միջոցառման կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ նման հանդիպումները կարևոր են՝ ոգեշնչելու երիտասարդներին իրենց մասնագիտական ճանապարհի մեկնարկին։

Ելույթի ավարտին Գևորգ Մանթաշյանը շրջանավարտներին մաղթել է բարի երթ, հաջողություններ, մասնագիտական նվաճումներ և նորանոր ձեռքբերումներ՝ վստահություն հայտնելով, որ նրանք ունակ են իրենց գիտելիքով, նախաձեռնողականությամբ և պատասխանատվությամբ նպաստել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment