Թրամփը բարձր է գնահատել Զելենսկիի և Նեթանյահուի հետ հանդիպումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ունեցած առանձին հանդիպումները։

Թրամփը Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ մեծ պատիվ էր հանդիպել Զելենսկիին։

«Շատ բաներ քննարկեցինք։ Հանդիպումը շատ լավ անցավ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին Սպիտակ տանը փակ դռների հետևում ավելի քան մեկ ժամ բանակցություններ է վարել Թրամփի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են փոխադարձ հեռահար հարվածները։

Զելենսկին նույնպես դրական է գնահատել բանակցությունները՝ դրանք որակելով «լավ»։

«Նախագահի հետ խոսեցինք Patriot համակարգերի հրթիռների և այլ միջոցների արտադրության լիցենզիաների մասին, որոնք կարող են օգտակար լինել։ Խոսեցինք նաև դիվանագիտության մասին․ կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը», – նշել է նախագահ Զելենսկին։

Վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպման առթիվ ԱՄՆ նախագահը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ – «Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուն, ես և ներկայացուցիչները։ Շատ լավ հանդիպում ենք ունեցել։ Բնականաբար, շատ կարևոր թեմաներ են քննարկվել»։

Իր հերթին Նեթանյահուն հայտարարել է, որ հանդիպումը «գերազանց» էր, փոխանցում է Reuters-ը։

Թրամփ-Նեթանյահու հանդիպումը կայացել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության և Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների ֆոնին։

Leave a Comment