«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանն առաջարկել է Հայաստանում զարգացնել արևային էներգիայի կուտակման համար նախատեսված նատրիումային մարտկոցների արտադրությունը։
Նրա գնահատմամբ՝ այս տեխնոլոգիան Հայաստանին հնարավորություն կտա նվազեցնել ներմուծվող գազից ու բենզինից կախվածությունը և մոտենալ էներգետիկ անկախությանը։
Կարապետյանը նշել է, որ արևային կայանների գլխավոր թերությունը՝ գիշերային ժամերին էներգիա արտադրելու անհնարինությունն է և այդ խնդիրը կարող են լուծել մարտկոցները, որոնք ցերեկը կուտակում են ստացված էներգիան և երեկոյան ժամերին բաշխում այն։
Նա հավելել է, որ նատրիումական կամ աղային ակումուլյատորներն առանձնանում են մատչելի գնով և արդյունավետությամբ, իսկ դրանց արտադրության համար անհրաժեշտ հումքը լայնորեն տարածված է Հայաստանում։
Կարապետյանը նաև հայտնել է, որ հնդկական Reliance ընկերությունն այս տեխնոլոգիայի զարգացման համար 9 միլիարդ դոլար է ներդրել և նախատեսում է համապատասխան նախագիծը մեկնարկել մինչև հաջորդ տարվա սկիզբը։
«Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է», — հայտարարել է նա՝ ընդգծելով Հայաստանի էներգետիկ ոլորտ խոշոր ներդրողների ներգրավման անհրաժեշտությունը։
Քննադատելով մասնավոր բիզնեսի նկատմամբ իշխանությունների քաղաքականությունը՝ Կարապետյանը նշել է, որ հեռանկարային ոլորտները զարգացնելու փոխարեն ղեկավարությունը պետականացնում է տասնամյակների պատմություն ունեցող ցեմենտի գործարանն ու սպորտդահլիճը։
«Քյաբաբանոցները դեռ չեն պետականացնում, բարեբախտաբար», — հավելել է նա։
