
«Երկու առերեսում է տեղի ունեցել՝ Իրանի քաղաքացի 2 եղբայրների հետ։ Որևէ կերպ մեզ չզարմացրին վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչները։ Նախորդ առերեսման ապօրինությունները շարունակվում են այսօր՝ նոր ուժով ու նոր էնտուզիազմով։ Կրկին ականատես եղանք, թե ինչպես է սահմանափակվում Գագիկ Ծառուկյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը»,- այս մասին այսօր 12 ժամ տեղի ունեցած հարցաքննությունից հետո Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հավելելով, որ սահմանափակվել է պաշտպանների հարցեր տալու իրավունքը։
«Մենք նկատեցինք, որ իրանցի եղբայրները ճամպրուկներով էին եկել, ըստ երևույթին՝ պետք է մեկնեին ՀՀ-ից, և դրանով պայմանավորված՝ վարույթն իրականացնող մարմինը ջանք չէր խնայում, որպեսզի առերեսումները հապշտապ ավարտեին»,- հավելեց փաստաբանը։