ԵՄ դեսպանները այսօր քաղաքական համաձայնության են հասել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ, ինչի մասին հայտնել են չորս եվրոպացի դիվանագետներ։
Եվրոպացի դիվանագետների փոխանցմամբ՝ նոր փաթեթը ներառում է ռուսական նավթի գների առավելագույն շեմի 12-ամսյա սառեցում, ինչպես նաև մեկ տարվա բացառություն, որը թույլ է տալիս երրորդ երկրներ իրականացնել ռուսական հեղուկ բնական գազի (ՀԲԳ) փոխադրումներ՝ ավտոմատ երկարացման հնարավորությամբ։
Կողմերի միջև ձեռք բերված փոխզիջումը նաև հաշվի է առել Հունաստանի շահերը․ դիվանագետներից մեկը նշել է, որ անդամ պետությունները համերաշխություն են ցուցաբերել Հունաստանի նկատմամբ, և ակնկալվում է, որ վերջինս ապագայում նույնկերպ կվարվի մյուսների հարցում։
Այժմ կավարտվեն պատժամիջոցների փաթեթի տեխնիկական աշխատանքները, և հինգշաբթի կեսօրից հետո կգործարկվի դրա պաշտոնական ընդունման գրավոր ընթացակարգը:
