Իսրայելի խորհրդարանում քվեարկության չի դրվել հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը, որն անցյալ ամիս հաստատել էր կառավարությունը։
Ըստ իսրայելական Haaretz-ի՝ Նեթանյահուն արգելափակել է ԱԳ նախարար Գիդեոն Սաարի կողմից առաջարկված քվեարկությունը։
Ցեղասպանության ճանաչման թեման Իսրայելի քաղաքական օրակարգում հայտնվեց թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Եվ, ընդհանրապես, հայոց ցեղասպանության ճանաչման հարցն Իսրայելի օրակարգում հայտնվում է արդեն տասնամյակներ։ Բայց ամեն անգամ, երբ թվում է՝ այդ որոշումը մոտ է, գործընթացը կանգ է առնում։
Սակայն ի՞նչ փոխվեց այդ կարճ ժամանակում, ինչի՞ դիմաց Իսրայելը հրաժարվեց այդ քայլից։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ սա պատահականություն չէ․
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը տարբեր պետություններ տարբեր ժամանակաշրջաններում դիտարկել են քաղաքական առաջնահերթության իրենց շահերի տեսանկյունից, նշանակություն է ունեցել նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որը միտված էր հայոց ցեղասպանության ճանաչմանը»։
Իսրայելն այստեղ բացառություն չէ։ Բայց ինչո՞ւ հենց հիմա։
Պատասխանը թուրքագետը փնտրում է Իսրայել-Թուրքիա հարաբերություններում։
Մելքոնյանը հիշեցնում է՝ 2008թ․-ից հետո Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սկսեցին լարվել։ Այդ լարվածության ֆոնին Իսրայելը որպես գործիք ու սպառնալիք երբեմն օրակարգ էր բերում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Իսրայելը տարիներ շարունակ այս թեման օգտագործել է որպես քաղաքական ճնշման գործիք Թուրքիայի նկատմամբ։
Սակայն այս անգամ, ըստ Մելքոնյանի, հայտնվել է նաև նոր դերակատար՝ երկիր, որը միաժամանակ ռազմավարական գործընկեր է և՛ Թուրքիայի, և՛ Իսրայելի համար․
«Էստեղ մի նոր խաղացող է ավելացել այս հարցին՝ Ադրբեջանը: Թուրքիա-Իսրայել հարաբերությունների լարվածության ֆոնին ակտիվանում են Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները, և եթե Թուրքիա-Իսրայել հարաբերությունները վատանում են, պայմանագրերը փչանում են, ինչ-որ պայմանագրեր չեղարկվում, ապա ակտիվանում են Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, պայմանագրեր են կնքվում, այսինքն՝ Ադրբեջանը հանդես է գալիս որպես 3-րդ խաղացող և ապահովում է Թուրքիայի իմիջը: Թուրքիան, իբր, դեմարշ է անում և Իսրայելի հետ խզում ինչ-որ պայմանագրեր, բայց այդ պայմանագրերը դե ֆակտո շարունակում են գործել Ադրբեջանի միջոցով»։
Haaretz-ը գրում է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից կապ են հաստատել Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հետ, ինչից հետո նախաձեռնությունը հանվել է Կնեսետի օրակարգից։ Պաշտոնական Իսրայելը հերքում է այդ փաստը։
Թուրքագետի համար սա հերթական ապացույցն է, որ հարցը վերածվել է քաղաքական լծակի․
«Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ Իսրայելը, բացահայտ ցույց տալով, որ ողբերգությունը ճանաչելն իր համար ոչ թե բարոյական արժեհամակարգի հարց է, այլ զուտ քաղաքական սառը գործիք, հիմա դարձյալ կասեցրեց այդ գործընթացը»։
Արդյո՞ք թեման վերջնականապես փակված է։ Ռուբեն Մելքոնյանը չի բացառում հակառակը։ Ըստ նրա՝ եթե վաղը կրկին սրվեն Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները, հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարող է նորից հայտնվել քաղաքական օրակարգում։
Բայց, նրա գնահատմամբ, ամենակարևոր հետևությունն արդեն ակնհայտ է․ պատմական արդարության հարցը հերթական անգամ դարձել է մեծ քաղաքականության առևտրի առարկա և աշխարհաքաղաքական ճնշման գործիք։
Մանրամասները՝ տեսանյութում։
