ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզ վառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պետին և վարորդին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելիքի հափշտակության գործով, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նախաքննության վարկածով՝ պահեստապետը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2026 թվականին պայմանավորվել է զորամասի բանվոր-վարորդի հետ՝ տարածքից դիզվառելիք դուրս հանելու և այն անձամբ տնօրինելու շուրջ։

Վարորդը, ընդունելով պաշտոնատար անձի առաջարկը, տրամադրել է համապատասխան միջոցներ, վերացրել խոչընդոտները և դիզվառելիքը դուրս բերել զորամասից, պնդել է կոմիտեն։

Հափշտակված դիզելային վառելիքը տրանսպորտային միջոցի մեջ հայտնաբերվել է ՊՆ Ռազմական ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցների գործողությունների արդյունքում, տեղեկացրել է ՀԿԿ-ն։

Պահեստապետին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ գույքի հափշտակության համար, որը պատժվում է առավելագույնը 7 տարվա ազատազրկմամբ), իսկ վարորդին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հափշտակությանն օժանդակելու համար)։

Երկու մեղադրյալներն էլ ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը և տվել խոստովանական ցուցմունքներ։

Leave a Comment