Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտնվել է հերթական քաղաքական սկանդալի կենտրոնում․ համացանցում տարածվել է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ օգտագործվել է նաև նրա կերպարը։
Արձագանքելով տեղի ունեցածին՝ Մելոնին հայտարարել է.
«Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ինձ կոչ են արել հրապարակայնորեն հեռանալ մեկ այլ ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից արհեստական բանականությամբ պատրաստված տեսանյութից, որի ստեղծման մասին ես տեղյակ չեմ եղել։
Ես դա անում եմ առանց վարանելու։ Այդ տեսանյութը չի համապատասխանում ո՛չ իմ արժեքներին, ո՛չ էլ քաղաքական պայքարի վերաբերյալ իմ պատկերացումներին։ Ես միշտ համոզված եմ եղել, որ քաղաքական մրցակցությունը պետք է հիմնված լինի գաղափարների, քաղաքացիների վստահության և ընտրությունների վրա, այլ ոչ թե սպառնալիքների, ատելության կամ քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնության պատկերների։
Հենց այդ պատճառով էլ նույն հստակ դիրքորոշումն եմ ակնկալում նրանցից, ովքեր այսօր նման պահանջ են ներկայացնում ինձ։
Ես նույն հետևողականությունն եմ ակնկալում նաև այն դեպքերում, երբ ձախ ուժերի ինստիտուցիոնալ ներկայացուցիչները, մասնակցելով դեռևս դատական քննության փուլում գտնվող դեպքերի շուրջ քննարկումներին, նպաստում են հասարակական լարվածության խորացմանը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով իրավապահ մարմինների լեգիտիմությունը և արդարացում տալով նրանց, ովքեր փողոցները վերածում են բռնության վայրերի։
Բռնությունը, դրա ցանկացած դրսևորումը կամ քաղաքական սպառնալիքի ցանկացած ձև չպետք է դատապարտվի միայն այն ժամանակ, երբ դա համապատասխանում է տվյալ պահի քաղաքական շահերին։ Դա պետք է մերժվի միշտ՝ առանց բացառությունների և առանց երկակի չափանիշների։
Ես միշտ հավատացել եմ, որ բռնությունը, անկախ իր ձևից, թուլության և անվստահության արտահայտություն է։ Իսկապես ուժեղ մարդիկ դրա կարիքը չեն ունենում։ Սա համոզմունք է, որից ես երբեք չեմ հրաժարվի։
Ուստի շարունակելու եմ մերժել ատելության և բռնության ցանկացած դրսևորում, պաշտպանել քաղաքակիրթ քաղաքական պայքարի սկզբունքները և հարգել պետությանը ծառայողների աշխատանքը, նույնիսկ եթե դրա համար հարկ լինի անձամբ պատասխանատվություն կրել։
Հուսով եմ՝ մյուսներն էլ կունենան նույնպիսի քաջություն»։
Նշենք, որ վիճահարույց AI-տեսանյութում Մելոնին ներկայացված է հին հռոմեական հանդերձանքով՝ նստած արենայում, իսկ գլխավոր հերոսը՝ Ռոբերտո Վանաչին, հռոմեական կայսրի կերպարով մահապատժի է դատապարտում ընդդիմության մի շարք ներկայացուցիչների։ Տեսանյութի հրապարակումից հետո Վանաչին պարզաբանել է, որ ակնկալում է՝ ձախ քաղաքական ուժերը նույնպես «քաջություն կունենան հրապարակայնորեն հեռանալու այն դեպքերից, երբ Դեմոկրատական կուսակցության խորհրդականը քաղաքական հակառակորդների դեմ հրացաններ օգտագործելու մասին հայտարարություններ է անում»։
