«Վեց ամիսների կտրվածքով, Ադրբեջանը Հայաստանից ոչինչ չի գնել»․ Թաթուլ Հակոբյան

«Վեց ամիսների կտրվածքով, Ադրբեջանը Հայաստանից ոչինչ չի գնել»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանից Ադրբեջան, այն էլ միջնորդավորված՝ Վրաստանի տարածքով, տարբեր տեսակի ապրանքներ մտել են 1990-ական թվականներին հիմնականում:
Թեև մեր նախարարներից մեկն ամիսներ առաջ հայտարարում էր, որ Ադրբեջանը հետաքրքրված է հայկական մի քանի ապրանքատեսականերով նաև այսօր, փաստն այն է, որ արևելյան հարևանը հետաքրքրված չէ որևէ ապրանք ներմուծել Հայաստանից:
2026թ․ վեց ամիսների կտրվածքով, Ադրբեջանից Հայաստանը ներմուծել է ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Վեց ամիսների կտրվածքով, Ադրբեջանը Հայաստանից ոչինչ չի գնել, ոչինչ, զրո:
Այս թեմայով հետաքրքրվողների համար ասենք, որ ինչպես Առաջին Հանրապետության, այնպես էլ Խորհրդային տարիներին Հայաստան-Ադրբեջան ապրանքաշրջանառությունը եղել է անհավասար: Օրինակ, եթե 1918-1920 թթ․ Ադրբեջանից Հայաստան էր հասնում նավթ և նավթամթերք, ինչպես նաև հացահատիկ՝ Ռուսաստանից, ապա Հայաստանից գրեթե ոչինչ չէր հասնում Ադրբեջան, քանի որ Հայաստանը սովահար վիճակում էր: Որոշ քանակությամբ օգնության մթերք հասնում էր ադրբեջանահայությանը:
1987 թվականի տվյալներով, այսինքն՝ նախքան Ղարաբաղյան Շարժման սկիզբը, Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստան է հասել ավելի քան 450 միլիոն ռուբլու ապրանք, իսկ հակառակ ուղղությամբ՝ 117 միլիոն ռուբլու:
Ադրբեջանից Հայաստան ապրանքնների մեծագույն մասը եղել է մազութը, սալյարկան, բենզինը, յուղեր, քիմիական այլ նյութեր, ինչպես նաև ավելի քան 5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որի մի մասը Հայաստանով հոսել է դեպի Նախիջևան, քանի որ այդպես էր գնում խողովակաշարը:
Հայաստանից Ադրբեջան էր առաքվում բազմազան ապրանքներ, որոնց մեջ առաջնային ոսկեղենն էր՝ ավելի քան 12 միլիոն ռուբլու:
Ի դեպ, Նախիջևանը Հայաստանից լուրջ կախում ուներ, նախիջևանցիները, օրինակ, ԽՍՀՄ այլ վայրեր մեկնելու համար գերազանցապես օգտվում էին Երևանի օդանավակայանից»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան

Leave a Comment