Բժշկական զննության ժամանակ հուլիսի 20-ի առավոտյան կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Թևանյանի մոտ արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ անկում:
«Կալանավայրում սկզբում որոշել են շտապ օգնություն կանչել, քանի որ Թևանյանը գտնվել է կյանքի և մահվան սահմանագծում, բայց որոշ ժամանակ անց փոխել են որոշումը և շտապ օգնություն չեն կանչել: Իրենց որոշումը հիմնավորել են այն բանով, որ Թևանյանի վիճակը կամաց-կամաց նորմալանում է և կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կուսակցությունից տեղեկացրել են, որ Թևանյանը մինչև կալանավայրում հայտնվելը երբևէ չի ունեցել ճնշման և ընդհանրապես որևէ լուրջ առողջական խնդիր:
Նշվում է, որ Թևանյանի առողջական վիճակը կայունացել է, ինքնազգացողությունը բավարար է և գտնվում է ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի հսկղության ներքո:
