Եվրոպայի գներն էլ գիտենք, կերի գներն էլ․ ոչ մի եզր չկա, հաշվել ենք՝ չի ստացվում։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասել է տնտեսվարողներից մեկը՝ անդրադառնալով դեպի Ռուսաստանի Դաշնություն ձկան արտահանման արգելքին։
«Ես ամբողջ երկրագնդի ձուկ արտադրողներից ու վաճառողներից տեղյակ եմ․ Թուրքիան, որ 100.000 տոննաներով ձուկ է արտադրում, Եվրոպա է արտահանում ընդամենը 120-140 գրամանոց պուճուր ձկներ, որոնք ափսեի մեջ տեղավորվում են։ Իմ 5 կիլոգրանոց ձուկը ո՞նց սարքեմ 120 գրամ, որ տեղավորվի։ Մենք թեթև ատլետիկայի էինք պատրաստվել, հիմա ասում են՝ գնացեք ծանրամարտի մրցումների։
Էկոնոմիկայի նախարարությունում խնդրել ենք՝ մեզ գոնե մեկ լոգիստիկ կազմակերպություն կամ վարորդ ցույց տվեք, որով մեր ապրանքը կարող ենք հասցնել Եվրոպա, որովհետև օրերն ու ժամկետները չեն բռնում։ 3 ամիս է՝ նստած սպասում ենք, ասում են՝ «կա»։ Ուրեմն պատին տոնածառ են նկարել, ասում են՝ ֆռացեք կողքը»,- նշել է նա։