
ՄԱԿ-ի փորձագիտական խումբն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման մասնակիցների գործով պաշտպանական կողմի դիմումին՝ մտահոգություն հայտնելով ավելի քան հարյուր քաղաքացիների նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը տեղեկացրել է միջազգային կառույցներին ուղղված ութամսյա աշխատանքի արդյունքների մասին։ Ըստ նրա՝ ՄԱԿ-ի կառույցն ընդլայնել է ուսումնասիրության շրջանակը՝ դիտարկելով ոչ միայն ահաբեկչության մեջ մեղադրվող 18 անձանց գործը, այլև բողոքի ցույցերի, այդ թվում՝ հունիսի 12-ի իրադարձությունների ընթացքում պետական ապարատի գործողություններից տուժած առնվազն 109 քաղաքացու վերաբերյալ տվյալներ։
ՄԱԿ-ի պաշտոնական հաղորդակցության մեջ նշվում է, որ իշխանությունների ձեռնարկած միջոցները մտահոգիչ են և չեն համապատասխանում մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Պաշտպանական կողմը այս արձագանքը որակում է որպես աննախադեպ հայաստանյան արդարադատության պատմության մեջ և խստորեն քննադատում միջազգային կազմակերպությանը ներկայացված պետության պաշտոնական դիրքորոշումը։
«Սրբազան պայքար» կամ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջացել է 2024 թվականի գարնանը՝ Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման գործընթացի ֆոնին: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի ակցիաները մարզերից տեղափոխվեցին Երևան՝ կառավարության հրաժարականի պահանջով։ Շարժման գագաթնակետը դարձավ 2024 թվականի հունիսի 12-ը, երբ Ազգային ժողովի շենքի մոտ բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանության միջև։
Իրավապահները կիրառեցին հատուկ միջոցներ, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ։ Արդյունքում տասնյակ մարդիկ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բազմաթիվ մասնակիցներ բերման ենթարկվեցին: Հետագայում մի շարք ակտիվիստների առաջադրվեցին այդ թվում զանգվածային անմարգություններ հրահրելու մեղադրանքներ: