Գյումրիում հուլիսի 15-ին խուլիգանության կասկածով 3 անձ է բերման ենթարկվել, Armenia Today-ը տեղեկացել է Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ-ից հավելել են, որ դեպքի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել են Քննչական կոմիտեին։
ՔԿ-ից ավելի ուշ Armenia Today-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 3 անձինք ձերբակալված են։
ՆԳՆ-ից հերքել են ԶԼՄ-ների լուրերը, թե Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում դանակահարություն է տեղի ունեցել։ ՔԿ-ից հերքել են նաև կրակոցների մասին տեղեկությունը։
ԶԼՄ-ները հուլիսի 15-ի ուշ երեկոյան գրել էին, որ Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում այսօր երեկոյան դանակահարություն է տեղի ունեցել, դեպքի վայրից մի քանի քաղաքացիներ ձերբակալվել են։ ԶԼՄ-ները նաև Սայաթ-Նովա փողոցից տեսանյութեր էին հրապարակել՝ գրելով, որ ոստիկանական մեծաթիվ ուժեր կան։
