Հուլիսի 14-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան անոնսավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի Կիև այցը։ Նույն օրը Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլան ֆոն դեր Լայենը։ Նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
Հուլիսի 14-ին Օդեսայի մոտ ՌԴ անօդաչուները հարվածել են թուրքական բեռնանավի, որի նավապետը և անձնակազմի անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունից պարզ է դարձել, որ նավապետը սպանվել է, մյուս նավաստիները տեղափոխվել են Օդեսա։ Միջադեպից ժամեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Թուրքիային կոչ է արել «Սև ծովում կիևան վարչախմաբի ահաբեկչություններին համարժեք պատասխան տալ»։
Ուշագրավ է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ՝ հունիսի 17-18-ին Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը այցելել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարել ոչ միայն պաշտոնակից Լավրովի, այլև հատուկ ծառայությունների ղեկավարներ Բորտնիկովի և Նարիշկինի, ինչպես նաև ԱԽ քարտուղար Շոյգուի հետ։ Ֆիդանին ընդունել է նաև ՌԴ նախագահ Պուտինը։
ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Ֆիդանը այցելում է Կիև, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպվում է «Ուկրաինա-Հարավ-արևելյան Եվրոպա» խորհրդաժողով։ Այդ առթիվ Կիև են ժամանել Սերբիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Մոլդովայի նախագահները և Սլովենիայի վարչապետը։
Ստամբուլում երկու ռուս զբոսաշրջիկների նկատմամբ թուրքական անվտանգության ուժերի կողմից դրսևորված անհանդուրժողականությունը, ինչ խոսք, Թուրքիայի պետական քաղաքականության դրսեւորում է։ Այդուհանդերձ, այն, կարծես, խորհրդանշական է․ Կիևյան Ռուսիան քրիստոնեական մկրտություն ստացել է Բյուզանդիայից, Կոստանդնուպոլսից։ Թուրքիան ռուսաստանցի զբոսաշրջիկներին արգելել է Սուրբ Սոֆիայի տաճարում «Աստվածաշունչ կարդալ»։ Դա, կարծես, դիվանագիտական ակնարկ է, որ ռուս-թուրքական հարաբերությունները «եղբայրական» չեն։
Կարդացել են
1 անգամ