Հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը։
Միջոցառման համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է Արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան (EAFJD)։
Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը։ Քննարկվելու են նաև քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների, կամայական կալանավորումների և խիստ դատավճիռների հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև դրանց ազդեցությունը Եվրոպայի մարդու իրավունքների քաղաքականության և ԵՄ–Ադրբեջան հարաբերությունների վրա։