ՍԱՏՄ-ն կասեցրել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի աշխատանքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գործող «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։

Վերահսկողական միջոցառման ընթացքում տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ։ Մասնավորապես, սննդի կառույցը չի պահպանվել մաքուր և նորոգ վիճակում, խոհանոցի պատերի մի մասը չի ունեցել հարթ, մաքրվող և ախտահանվող մակերես, առաստաղը չի ապահովել բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը, իսկ բացվող պատուհանը չի ունեցել միջատապաշտպան ցանց։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տնտեսավարողին հանձնարարվել է սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները և խոհանոցը համապատասխանեցնել գործող սանիտարական պահանջներին։

Leave a Comment