Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքում ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա. Փաստաբան

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը որևէ հանցագործություն չի պարունակում։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ դատական նիստի ավարտից հետո։

Փաստաբանի խոսքով՝ իրավապահները Ծառուկյանին մեղադրում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից հափշտակություն կատարելու և փողերի լվացման մեջ, սակայն, ըստ նրա, այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

«Իրենք ասում են, իբրև, Ծառուկյանը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներից հափշտակություն է արել և փողերի լվացում է կատարել։ Մենք դատարանում հստակ հիմնավորել ենք, որ այդ անձինք փաստաթղթեր են ստորագրել, որ իրենք են պարտք Ծառուկյանին, և պարտավորվել են այդ գումարները վերադարձնել մինչև 2026 թվականը»,- ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ Իրանի դատարանն այդ հարցով արձանագրել է, որ հանցագործության փաստ չկա։

«Ինչ-որ իրենք ներկայացնում են, ակնհայտ է, որ հանցագործություն գոյություն չունի։ Իրանցին ասել է՝ Ծառուկյանը ինձ չի խաբել, ՀՀ իրավապահներն ասում են՝ չէ, Ծառուկյանն է խաբել»,- նշել է փաստաբանը։

Դատական նիստը, որի ընթացքում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը, ավարտվել է։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, քննում է Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ոստիկանության աշխատակիցները համատեղ խուզարկություններ էին իրականացրել Գագիկ Ծառուկյանին, նրա ընտանիքին պատկանող ընկերություններում, մասնավոր տարածքներում և նրա հետ առնչվող անձանց բնակարաններում։ Քննչական գործողություններից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր։

Leave a Comment