Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու հրահանգն իջեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ վրեժխնդրություն իրականացնել Ծառուկյանի նկատմամբ, բայց որ այդ փոքրիկ բռնապետն այդքան փոքրոգի, ճղճիմ, այդքան նենգ և մանրախնդիր կգտնվեր, որ նույնիսկ կենդանիներից վրեժխնդրություն կլուծեր, դա արդեն ստորության հատակն է, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արեգնազ Մանուկյանը։
«Ամեն անգամ մտածում ես, որ հասել ես հատակին, բայց ներքևից մեկն այնուհանդերձ թակում է։ Այն դատավորը, որ այժմ քննում է Գագիկ Ծառուկյանի գործը, այն նույն դատավորն է, որը Փաշինյանի ապօրինի հրահանգով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կալանքի որոշում է տվել։ Արդեն պարզ է՝ ինչ որոշում ինքը պիտի կայացնի։
Ի սկզբանե պարզ էր, որ այս գործերը կարված են, տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։
Վերջում նա շեշտեց՝ քաղբանտարկյալների թեման կարող է ընդդիմության միավորման սկիզբը լինել։
«Ի վերջո եկել է ընդդիմության՝ միասնական ճակատ ձևավորելու ժամանակը»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ բացի այդ՝ ընդդիմությունը ժողովրդի հետ պետք է անկեղծ լինի և բացատրի մանդատները վերցնելու դրդապատճառները, ինչպես նաև այն, թե ինչ է անելու դրանից հետո։
Ըստ Մանուկյանի՝ ժողովուրդն իր ձայնն ընդդիմությանը տվել է ոչ թե խորհրդարանում ընդդիմություն աշխատելու, այլ իշխանափոխության համար։