Թրամփի ներումը չի տարածվել ռումբեր տեղադրած քաղաքացու վրա

Թրամփի ներումը չի տարածվել ռումբեր տեղադրած քաղաքացու վրա

Ֆեդերալ դատավորը վճռել է՝ ԱՄՆ Կապիտոլիումը գրոհած կողմնակիցներին նախագահ Դոնալդ Թրամփի շնորհած զանգվածային ներումները չեն տարածվում Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների ազգային կենտրոնակայանների մոտ ինքնաշեն ռումբեր տեղադրած քաղաքացու վրա։

Ֆեդերալ օկրուգային դատավոր Ամիր Ալին հրաժարվել է կարճել Բրայան Ջ. Քոուլ կրտսերի դեմ հարուցված գործը՝ եզրակացնելով, որ հունվարի 6-ի անկարգությունների մասնակիցներին Թրամփի շնորհած ներումները բացառապես տարածվում էին հունվարի 6-ի հարձակման հետ կապված հանցագործությունների համար դատապարտված անձանց վրա:

Քոուլին մեղադրանք չէր առաջադրվել, էլ չասած դատավճռի կայացման մասին, երբ Թրամփը հրապարակեց այդ ներումները, նշել է Ալին իր երեք էջանոց որոշման մեջ:

Սպիտակ տանն իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի հենց առաջին օրը Թրամփը դադարեցրեց Արդարադատության նախարարության պատմության մեջ ամենախոշոր քրեական հետաքննությունը՝ ներում շնորհելով, մեղմացնելով բանտային պատիժները և հրամայելով կարճել գործերը հունվարի 6-ի հարձակման մեջ մեղադրվող բոլոր ավելի քան 1500 անձանց նկատմամբ:

Քոուլը ձերբակալվել է Թրամփի կողմից իրականացված ներման լայնածավալ ակտից գրեթե մեկ տարի անց: Նա մեղադրվում է անկարգությունների նախորդ գիշերը Վաշինգտոնում Հանրապետական ազգային կոմիտեի և Դեմոկրատական ազգային կոմիտեի կենտրոնակայանների մոտ երկու ինքնաշեն ռումբ տեղադրելու մեջ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment