Աշխարհահռչակ փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթն ու ամերիկյան ֆուտբոլի աստղ, NFL-ի «Կանզաս Սիթի Չիֆս» ակումբի խաղացող Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ում՝ աստղաշատ արարողության ժամանակ, որը վարել է դերասան Ադամ Սենդլերը, հայտնում է BBC-ն։
Զույգը կրել է «Christian Dior» ապրանքանիշի հագուստ, հայտնել է Սվիֆթի հանրային կապերի պատասխանատուն։ Նրանք չեն ունեցել հարսնաքույրեր ու խաչեղբայրներ։ Սվիֆթի եղբայրը՝ Օսթին Սվիֆթը, եղել է հարսի գլխավոր վկան, իսկ Թրևիսի եղբայրը՝ Ջեյսոն Քելսին՝ փեսայի գլխավոր վկան:
Միջոցառման պատճառով փակվել է Մանհեթենի ամենաբանուկ հատվածներից մեկը։ Արարողությանը ներկա են եղել հոլիվուդյան Ա կարգի աստղեր, այդ թվում՝ դերասաններ Հյու Գրանտը և Ջեյսոն Սուդեյկիսը, երգիչ Բենսոն Բունը և մոդել Ջիջի Հադիդը։ Երկրպագուներն ամբողջ օրը հավաքված են եղել «Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ի դիմաց, իսկ որոշներն էլ մագլցել են փայտամածների վրա՝ ավելի լավ տեսարան ունենալու համար:
Համաձայն Նյու Յորքի իշխանություններին ներկայացված փաստաթղթերի՝ հարսանեկան տոնակատարությունը սկսվել է հինգշաբթի օրը՝ ավելի փոքր նախատոնական խնջույքով: Ուրբաթ օրվա արարողությունը շատ ավելի մեծ մասշտաբի է եղել՝ մգեցված ապակիներով ամենագնացների շարասյունն անցնում էր մարզադաշտի դրսում տեղադրված վրանի միջով՝ հյուրերի ժամանումն աչքից հեռու պահելու համար:
Այնուամենայնիվ, որոշ հայտնի հյուրերի ժամանումը նկատվել է, այդ թվում՝ մոդել Ջիջի Հադիդը, նրա ընկերը՝ դերասան Բրեդլի Կուպերը, դերասանուհի Դակոտա Ջոնսոնը և Քելսիի ֆուտբոլային թիմի՝ «Կանզաս Սիթի Չիֆս»-ի անդամները։ Երբ Սվիֆթի հանրային կապերի պատասխանատու Թրի Փեյնը հաստատեց, որ զույգը պաշտոնապես ամուսնացել է, «Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ի էկրանին հայտնվեց «JUST&T MARRIED» գրությունը՝ յուրօրինակ բառախաղ Թեյլորի և Թրևիսի անուններով: Սվիֆթի և Քելսիի հագուստի դիզայնը հեղինակել է «Dior»-ի կրեատիվ տնօրեն Ջոնաթան Անդերսոնը։ «Սա դիզայների առաջին բարձր նորաձևության (couture) հարսանյաց զգեստն է աշխարհահռչակ աստղի համար»,- նշված է Փեյնի հայտարարության մեջ։ Նրանց կոշիկները հատուկ պատվերով պատրաստել է «Christian Louboutin»-ը, իսկ Սվիֆթը կրել է «Cartier» ապրանքանիշի զարդեր։
